Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին սպասվում է մոտ 15.000 այցելուի հոսք
SOCIETYԱյս շաբաթ՝ սեպտեմբերի 16-ին, Երևանի անգլիական այգում կանցկացվի Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն, որն իրականացվում է արդեն 4-րդ անգամ:
Միջոցառումը կազմակերպվում է Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության կողմից, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ինչպես հայտնում է Past.am-ը, փառատոնի կազմակերպիչներն այսօր հանդիպել են լրագրողներին և ներկայացրել են մանրամասներ:
«2014-ին ընդհամենը 50 ֆերմերային խումբ էր մասնակցում, մինչդեռ այս տարի այն կմիավորի առավել քան 130 ֆերմերային խմբերի, ձեռներեցների և վերամշակող փոքր ձեռնակությունների ներկայացուցիչների ոչ միայն Հայաստանի մարզերից, այլ նաև հարևան Վրաստանից և Իրանի Իսլամական Հանրապետությունից:
Այս փառատոնը լավագույն հնարավորություններից մեկն է, որ տարբեր կազմակերպություններ, անհատ ֆերմերներ, արտադրողներ, գնորդներ և վերամշակողները հանդիպեն և նոր համագործակցության եզրեր գտնեն»,-ասաց փառատոնի հիմնադիր «Կանաչ Արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը:
Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի խոսքով՝ սպասվում է մոտ 15.000 այցելուի հոսք փառատոնին: «Սա լավ առիթ է, որ զբոսաշրջային ընկերություններն իրենց օրացույցում նշեն այս օրը և մեր քաղաքի հյուրերին ուղղորդեն դեպի փառատոն, վերջիններս էլ մոտիկից կծանոթանան հայկական արտադրանքին»,- ընդգծեց Մարիա Բարաղամյանը:



