Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետներն այցելել են առաջնագիծ
SOCIETYԳեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը եւ Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը հատուկ շրջայցով եղել են ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի զորամիավորումներից մեկում, ապա այցելել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին ու սպաներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի հիմնական նախաձեռնողները եղել են Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի ղեկավարները:
Հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մարզպետները եւ համայնքների ղեկավարներն առանձին-առանձին այցելել են տարբեր մարտական դիրքեր, ինչը թույլ է տվել լինել հենակետերում եւ ծանոթանալ մարտական հերթապահություն իրականացնող զինվորականների կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետ։ Այցի ընթացքում երկու մարզպետներն էլ հավաստել են, որ պատրաստ են ավանդական դարձնել այս նախաձեռնությունը, ինչն ավելի սերտ է դարձնում տեղական իշխանություններ-բանակ կապը։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը շեշտել է, թե որպես սահմանամերձ մարզի ղեկավար, թե որպես սահմանամերձ ու պատերազմ տեսած համայնքում ծնված մարդ, շատ է կարեւորում համայնքների եւ մարտական հերթապահություն կրող զորամասերի միջեւ կապը, քանզի հակառակորդի հնարավոր սադրանքների դեպքում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդիկ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր պարտավոր են կանգնել հայրենիքի պաշտպանների կողքին։ Շրջայցի ավարտին մարզպետներն ու համայնքների ղեկավարները բանակային կորպուսի հրամանատարության հետ կիսվել են իրենց տպավորություններով, շեշտելով, որ հաճելի է տեսնել անընդհատ կատարելագործվող առաջնագիծն ու մարտական բարձր ոգի ունեցող հայ զինվորներին:
Խոսրով Խլղաթյան



