Ներդրվելու է քաղծառայության թափուր պաշտոնը ներքին մրցույթով զբաղեցնելու կարգ
SOCIETYՀՀ արդարադատության նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից մշակվել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագիծը կքննարկվի կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում:
Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում կսահմանվի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը ներքին մրցույթով զբաղեցնելու կարգ: Հստակ կտարանջատվեն քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու երեք կարգերը, մասնավորապես՝ ներքին մրցույթով, արտաքին մրցույթով կամ արտամրցութային կարգով: Այսպիսով կներդրվի ներքին մրցույթով պաշտոն զբաղեցնելու կարգը, հնարավորություն կընձեռի կազմակերպական կառուցվածքի շրջանակներում թափուր մշտական աշխատատեղերը լրացնելու համար օգտվել բացառապես (ըստ առաջնահերթության) ներքին կադրային ռեսուրսներից:



