Ռուսաստանը պատրաստ է չորացնել ադրբեջանական լվացքը
ANALYSIS
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիր Մարիա Զախարովան հայտարարել է, թե Արևմուտքը ճնշում է գործադրում Ադրբեջանի նկատմամբ: Զախարովան նկատի ունի Ադրբեջանական լվացքի հայտնի գործը, որի շրջանակներում միլիոնավոր գումարների կոռուպցիոն սխեմաներ են բացահայտվել այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը պետական մակարդակով կաշառել տարբեր արևմտյան պաշտոնյաների:
Հետաքրքական է Ռուսաստանի արձագանքը: Եվ ոչ միայն այն առումով, որ ադրբեջանական կողմն այդ գումարները հիմնականում ծախսել է հակահայկական նախագծերում ներքաշված եվրոպացի չինովնիկների համակրանքը գնելու համար: Հետաքրքրական է, որ Ռուսաստանը չի նեղսրտում այն հանգամանքից, որ իր այժմյան հակառակորդ Եվրոպային Ադրբեջանը սնուցել է նմանատիպ գումարներով:
Ենթադրությունները երկուսն են. կամ Ռուսաստանը Ադրբեջանի հետ միասին հակված է խախտել ղարաբաղյան ստատուս-քվոն և դեմ չէ Ադրբեջանի կողմից եվրոպական չինովնիկներին կաշառելու և հակահայ նախաձեռնությունների կողմ գրավելու հանգամանքին: Կամ էլ Ադրբեջանը ոչ պակաս կոռուպցիոն սխեմաներով համապատասխան գումարներ է ուղարկում նույն Ռուսաստանին, ով այս դեպքում փորձում է հասկանալ ադրբեջանական կողմի մոտիվացիան:
Սկանդալը Արևմուտք-Ադրբեջան բնույթն է կրում, Ռուսաստանն ընդհանրապես կարող էր չմիջամտել դրանց, քանի որ որևէ կապ չունի այդ ամենի հետ: Բացի վերոնշյալ երկու հանգամանքներից, ռուսական կողմը կարող էր հիշատակել Ադրբեջանական լվացքի գործը թաքնված այլ նպատակով ՝ ցույց տալու եվրոչինովնիկներից ոմանց կոռուպցիոն դեմքն ու դա դարձնել քարոզչական հերթական առիթ Արևմուտքի «պիղծ» էությունը ցույց տալու համար:
Արտակ Ասլանյան




















































