Չինաստանն ու Պակիստանն անցկացնում են ՌՕՈւ-երի համատեղ զորավարժություններ
INTERNATIONAL NEWSՉինաստանում մեկնարկել են Չինաստանի ու Պակիստանի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունները՝ «Շահին-6» կոդային անվանմամբ, որոնք տեւելու են մինչեւ սեպտեմբերի 27-ը, փոխանցում է «Սինհուան»։
Զորավարժություններին չինական կողմից մասնակցում են J-11 կործանիչները, JH-7 կործանիչ- ռմբակոծիչները, «Կունցզին-2000» հեռահար ռադիոտեղորոշիչ հայտնաբերման ու կառավարման օդանավերը, նաեւ ցամաքային զորքերը՝ այդ թվում հրթիռային «հող-օդ» ու ռադարային զորքերը, հայտնել է Չինաստանի ՌՕՈՒ ներկայացուցիչ Շեն Ցզինկեն՝ հավելելով, որ ՌԾՈՒ-երը նույնպես մասնակցում են զորավարժություններին։
Պակիստանը զորավարժություններին ուղարկել է JF-17 կործանիչները ու վաղ նախազգուշացման օդանավը, հայտնել է նա։ «Համաշխարհային կարգի ռազմաօդային ռազմավարական ուժերի ձեւավորման համար մենք պետք է փոխառենք օգտակար փորձ արտասահմանյան զորքերից ու ուժեղացնենք զանազան խնդիրների կատարման մեր ունակությունները»,- ասել է Շեն Ցզինկեն։ Նա հայտնել է, որ ՌՕՈՒ-երը պատրաստ են ավելացնել միջազգային փոխանակությունն ու բարձրացնել մարտական արդյունավետությունը։
Չինաստանի ու Պակիստանի ՌՕՈՒ միջեւ «Շահին» զորավարժությունները մեկնարկել են 2011-ի մարտին։



