Ջովաննի Ռիչուլլին Հայաստանում իտալերենի դասավանդումը գերազանց է գնահատում
SOCIETYՀայաստանում իտալերեն ուսումնասիրում է 700 ուսանող, նրանք ընդունակ են ու լեզուն սերտում են բարձր առաջադիմությամբ: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում կայացած «Հայաստան-Իտալիա հարաբերություններ. իտալերեն ի շաբաթվա եւ իտալերենի ուսուցման դերը Հայաստանում» խորագրով հանդիպում-քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին: «Այն փաստը, որ իտալերենի ու Իտալիայի մշակույթի շաբաթվա շրջանակներում միջոցառում է անցկացվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, ցույց է տալիս, թե ինչ կարևորություն է տրվում Իտալիայի հետ հարաբերություններին: Բացի այդ` Հայաստանն այն երկրներից է, ուր իրականացվում է իտալերենի դասավանդում: Իտալերենն այսօր աշխարհում ամենաշատ ընտրվող առարկան է, այն շատ գÖ �ավիչ է սովորողների համար: Պետք է նշեմ, որ Հայաստանում ուսանողները շատ ընդունակ են և ունեն առավելություն, որ շատ դյուրությամբ են ընկալում իտալերենը, դրա համար էլ իտալերենի դասավանդումը Հայաստանում շատ բարեհաջող է ընթանում»,-ասաց դեսպանը` շնորհակալություն հայտնելով հայկական բարձրագույն ուսումնական հաստատություններին, որոնք իրականացնում են իտալերենի ուսուցում:
Խոսելով իտալերենի շաբաթվա մասին` դեսպանը նշեց, որ այստեղ միջոցառումներին միացել է նաև Հայաստանում Շվեյցարիայի դեպանությունը: «Այս անգամ շաբաթվա համար ընտրել ենք «Իտալերենը երաժշության մեջ և իտալերենի երաժշտությունը» խորագիրը, և ավելի լավ կապ չէր կարող լինել Իտալիայի, Շվեյցարիայի ու Հայաստանի միջև, քանի որ երեքն էլ շատ երաժշտական երկրներ են»,-ավելացրեց Ջովաննի Ռիչուլլին:
Դեսպանը նկատեց նաև, որ Հայաստանը մշակութային երկիր է` Եվրոպա նայող հայացքով, որը Իտալիայում շատ ջերմ արձագանք է գտնում: Դեսպան Ռիչուլլին հատկանշական համարեց Գյումրիում իտալերենի ամառային դասավանդման ամենամյա ծրագիրը:
Միջոցառումն անցկացվեց իտալերենի միջազգային շաբաթվա շրջանակում ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի եւ ՀՀ-ում Իտալիայի դեսպանության համագործակցությամբ:



