Հայաստանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
POLITICSԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ-ում սեպտեմբերի 7-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին գերատեսչությունների միջև: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, իսկ ինդոնեզական կողմից՝ Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության Ամերիկայի և Եվրոպայի երկրների գլխավոր վարչության պետ Մուհամեդ Անշորը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց տարբեր ոլորտներում հայ-ինդոնեզական հարաբերությունների, այդ թվում՝ երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական, մշակութային ու կրթական կապերի, զբոսաշրջային հոսքերի ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, հյուպատոսական փոխգործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Կողմերն իրենց գոհունակությունը հայտնեցին վերջին տարիներին երկու երկրների միջև դինամիկ զարգացող հարաբերությունների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Երկուստեք նշելով, որ երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշները չեն արտացոլում առկա ներուժը՝ կողմերը պայմանավորվեցին հետագա քայլեր ձեռնարկել հայ-ինդոնեզական առևտրատնտեսական կապերը և գործարար շրջանակների միջև շփումները խթանելու ուղղությամբ, որի համար լավ հիմք կարող է հանդիսանալ Հայաստանում և Ինդոնեզիայում գործարար համաժողովների կազմակերպումը:
ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:
Հայ և ինդոնեզացի դիվանագետները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ»:



