ՀՀ նախկին վարչապետ Բագրատյանը haqqin.az–ին պատմել է Հայաստանի միջուկային զենքի մասին
SOCIETYԱդրբեջանական haqqin.az կայքը երեկ ուշագրավ լրատվություն է տպագրել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կրկին պնդում է, որ իր երկիրը միջուկային զենք ունի: Նման հայտարարություն հայ քաղաքական գործիչն արել է haqqin.az–ի թղթակցի հետ զրույցում, որը տեղի է ունեցել լեհական Կրինիցա քաղաքում տեղի ունեցող տնտեսական համաժողովի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հրանտ Բագրատյանը մի քանի անգամ հայտարարել էր, որ Հայաստանն ունի միջուկային զենք: Ընդ որում, նշել էր, որ զենքը կա դեռ անցած դարի 70–ականներից: Բագրատյանը համարում է, որ միջուկային զենքի առկայությունը «զսպող գործիք է Ադրբեջանի ու Թուրքիայի համար»:
Haqqin.az–ի թղթակցի հետ զրույցում Բագրատյանը հերքել է այն պնդումները, թե իր խոսքերը կրում են դեկլարատիվ բնույթ՝ պարզաբանելով, որ միջուկային զենքը Հայաստանին բաժին է հասել խորհրդային ժամանակներից: «Այո, մենք ունենք միջուկային զենք: Ես դա բացահայտ ասում եմ»,– ասել է նա: Իսկ թղթակցի հարցին, թե արդյոք քաղաքական գործիչը չի՞ երկյուղում, որ նման բարձր հայտարարությունից հետո Հայաստանին սպառնում է Հյուսիսային Կորեայի ճակատագիրը, Բագրատյանը նշել է, որ «Հայաստանը պետք է իրեն ինչ–որ կերպ պաշտպանի Ադրբեջանից»:
Նշենք, որ ավելի վաղ` 1992–95 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Նորատ Տեր–Գրիգորյանցը հայտարարել էր ատոմային զենք ստանալու Հայաստանի ցանկության մասին: Իսկ բարձրաստիճան շատ այլ պաշտոնյաներ քանիցս ակնարկել են, որ Հայաստանի զինանոցում կան «կեղտոտ ռումբեր»:
Ադրբեջանական կայքի տեղեկատվությունը պարզելու նպատակով փորձեցինք կապ հաստատել Հ. Բագրատյանի հետ: Բայց նրա հեռախոսահամարն անհասանելի էր: Ամենայն հավանականությամբ, նա դեռ Լեհաստանում է:



