Ռուս–ամերիկյան դիվանագիտական հարաբերությունները վտանգված են
INTERNATIONAL NEWSՌուս–ամերիկյան դիվանագիտական հարաբերությունները վտանգվել են այն բանից հետո, երբ սեպտեմբերի 1–ին ամերիկյան կողմը 48 ժամ տվեց Մոսկվային՝ Սան Ֆրանցիսկոյում վերջինիս հյուպատոսությունը, ինչպես նաև՝ տարբեր քաղաքներում այդ երկրի չորս առևտրային ներկայացուցչությունները փակելու համար: «Սա մեր կոշտ և կշռադատված արձագանքն է Ռուսաստանի կողմից նախկինում ընդունված ցավալի որոշմանը: Մենք ցանկանում ենք նվազեցնել լարվածությունը և բարելավել հարաբերությունները»,– կատարվածի առնչությամբ հայտարարել է Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Հաքաբին, որին ի պատասխան ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան պատահածը «միջազգային բոլոր իրավունքներին, դիվանագիտական պրակտիկային, ընդհանրապես հումանիզմին հակասող բանդիտական ռեյդ» է որակել:
Մոսկվայի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ուսանողների հետ հանդիպման ժամանակ կատարվածին անդրադարձել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հայտարարելով, թե չնայած Մոսկվան բնավ չի կամենում հակադրվել Վաշինգտոնին, այդուհանդերձ՝ «շատ խիստ կարձագանքի այն քայլերին, որոնք առանց որևէ պատճառի վնասում են մեր շահերին և թելադրված են միայն Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները վնասելու ցանկությամբ»: Ի դեպ, ռուսական մեդիան ուղղակի ողողված է, այսպես կոչված, վրեժխնդրության կոչերով և նույնիսկ իշխանության անգործության նկատմամբ հստակ քննադատությամբ:
Այստեղ բոլորն անընդհատ հիշեցնում են, որ Մոսկվայի պահանջը, այն է՝ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի թիվը ՌԴ–ում հասցնել 455–ի, ԱՄՆ–ի կողմից Ռուսաստանի նկատմամբ գործադրված միանգամից երկու կոպիտ քայլի նկատմամբ պատասխանն է եղել (երբ նախ ԱՄՆ–ն պահանջեց 455 դիվանագետից ավելին չունենալ իրենց երկրում, բացի այդ՝ դադարեցրեց ամերիկյան ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Ռուսաստանում, առաջարկելով այդ նպատակով դիմել Վրաստանում և ՀՀ–ում ամերիկյան դեսպանատներին), և փոխանակ Վաշինգտոնում եզրակացություններ անեին, աննախադեպ մի նոր պատերազմ են սկսել, որով ոտնահարել են ամեն բան՝ սեփականության իրավունքից մինչև դիվանագիտական պատշաճություն:
Փաստորեն, առանց հետագա քայլերը մանրամասնելու, նույն տեսակետն է հայտնել նաև Լավրովը, երբ հայտարարել է, թե «պատժամիջոցների այս պատմությունը ոչ թե Մոսկվան, այլ Օբամայի վարչակազմն է սկսել, որով խաթարել է ռուս–ամերիկյան հարաբերությունները և խոչընդոտել նախագահ Թրամփին՝ թույլ չտալով պաշտոնավարումն սկսել կառուցողական առաջարկներով»: Իսկ սա նշանակում է, որ ռուս–ամերիկյան դիվանագիտական հարաբերությունները, հետսառըպատերազմյան շրջանից հետո գտնվում են ամենացածր մակարդակի վրա:
Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը



