Ֆարմանյանի ասելիքը հակասում է Սարգսյանին
ANALYSIS
«Չիկարելի ինքդ քեզ, երբ դրա կարիքն անգամ քո գործընկերները չունեն, դարձնել մեծ խաղացողների առևտրի առարկա և մեր հանրային գիտակցության մեջ ձևավորելկործ անարար ու աղետալի մտայնություն, թե ամբողջ աշխարհը կանգնած սպասում է, թե ինչ որոշում կկայացնի Հայաստանը՝ այն կմնա Ռուսաստանի բարեկա՞մը, թե՞ կընկնի Եվրոպայի գիրկը: Հայաստանի ցանկացած իշխանություն, որն առաջնորդվում է մեր երկրի շահերով, գիտակցելու է, որ գոյություն ունեցող իրերի դասավորության պարագայում, կրկնում եմ՝գոյություն ունեցող իրականությունում, մենք, խոշոր հաշվով, ընտրություն էլ չունենք:», - tert.am-ի հետ հարցազրույցում ասել է ԱԺ հանրապետական պատգամավոր Ֆարմանյանը:
Պարոն Ֆարմանյանը վերջերս սկսել է հետաքրքիր բաներ ասել: Նախ նա խոսում է ժողովրդագրական խնդիրների մասին, հիմա էլ օգտագործելով ՀՀԿ շարքերում իր ունեցած «ազատ նկարիչի» կարգավիճակը, փորձում է բացատրել, որ Հայաստանն ընտրություն չունի արտաքին վեկտորների հարցում: Սա այն դեպքում, երբ Բազե-ում Սերժ Սարգսյանը երիտասարդներին պատմում էր, թե ինչպես են ժամանակին բանակցել թե ԵՄ, թե Մաքսային միության հետ ` այսինքն, գոնե դե յուրե չեն ունեցել ընտրություն:
Այն, որ Հայաստանն ընտրություն չունի, դա պարզ է: Եվ անկեղծ ասած, այն ինչ ասում է Ֆարմանյանը, բովանդակության առումով ազնիվ է: Բայց դա պիտի ասեր ոչ թե Ֆարմանյանը, այլ Սարգսյանը: Եվ պիտի ասեր, ոչ թե հիմա, այլ այն ժամանակ, երբ բանակցում էր Եվրոպայի հետ, հետո մեկ գիշերում որոշվեց Մաքսային միության ճակատագիրը:
Չի ասվել: Ավելին, դրանից հետո էլ շարունակվել է խոսվել այն մասին, որ ԵՄ պատուհանը չի փակվել, մեզ չեն պարտադրել և այլն: Իսկ ամենացավալին այն է, որ առաջիկայում շրջանակային պայմանագրի ստորագրումն է ու դրանից երկու ամիս առաջ Սերժ Սարգսյանի անմիջական շրջապատի հանրապետական պատգամավորներից մեկը խոսում է Հայաստանի ընտրություն չունենալու մասին:
Արտակ Ասլանյան




















































