Գյումրու քաղաքապետը սեպտեմբերի 1-ի առթիվ շնորհավորեց աշակերտներին
SOCIETYԳյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը սեպտեմբերի 1-ին Գիտելիքի օրվա առթիվ աշակերտներին ու մանկավարժներին շնորհավորելու նպատակով եղավ Գյումրու թիվ 10 դպրոցում: Քաղաքապետը ողջունեց ու շնորհավորեց բոլոր դպրոցականներին նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ՝ մաղթելով բոլորին բարի երթ և ուսումնական հաջող տարի: Քաղաքապետն առանձնակի շնորհավորեց բոլոր առաջին դասարանցիներին՝ ընդգծելով, որ այս օրն առավել հիշարժան է հենց նրանց համար:
Քաղաքապետը դատարկաձեռն չէր եկել դպրոց, նրա կողմից պայուսակներ նվիրվեցին այդ դպրոց հաճախող բոլոր առաջին դասարանցիներին: Շնորհավորելով տոնի առթիվ՝ քաղաքապետը բոլորին մաղթեց քաջառողջություն, հաջողություններ ուսման մեջ և կյանքում, իսկ մանկավարժներին՝ անսպառ եռանդ ապագա սերունդների հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում: «Համամարդկային արժեքների ձևավորման, քաղաքակրթության զարգացման, ազգերի ու ժողովուրդների հարատևության հիմքում մշտապես եղել եւ մնում է ազգային գիրը, պատմության կերտումն ու այդ գրերի միջոցով սերնդեսերունդ դրա փոխանցումը: Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել բոլոր առաջին դասարանցիներին, քանզի այս օրն առավել հիշարժան է հենց նրանց համար: Դպրոց ոտք դնող յուրաքանչյուր առաջին դասարանցի կոչված է նորովի շունչ տալու ու վեր բարձրացնելու համամարդկային արժեքները: Իմ բարեմաղթանքներն եմ հղում նաև բուհերի առաջին կուրսեցիներին, որոնց համար այլևս ազդարարվում է առավել պատասխանատու կյանքի մի նոր փուլ: Օրվա առիթով առանձնակի շնորհավորում եմ նաև մանկավարժներին ու կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին, բայց շնորհակալ գործը»,- նշեց Սամվել Բալասանյանը:
Արմենուհի Մխոյան



