Մարտունի քաղաքում տեղադրվել է Կարաբալայի արձանը
CULTURE
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երեւանյան փողոցում գտնվող ծաղկի խանութի դիմաց տեղադրվել է հայտնի ծաղկավաճառ Կարաբալայի արձանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետի մամուլի քարտուղար Լիլիթ Գեւորգյանը, արձանի տեղադրման մտահղացումը եւ նախաձեռնությունը Երեւանյան փողոցի ծաղկի խանութի տնօրեն Արմեն Գրիգորյանինն է։
«Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը եւ ավագանու անդամները ողջունել են նախաձեռնությունը՝ արձանի տեղարդման վայրի շուրջ նախապես գալով համաձայնության։
Քանդակն ունի նաեւ գիշերային լուսավորվածություն՝ շնորհիվ բելգիաբնակ մարտունեցի Արտակ Ժամհարյանի աջակցության։ Քանդակի հեղինակը մարտունեցի նկարիչ-քանդակագործ, գեղարվեստի դպրոցի նախկին տնօրեն էդգար Սաֆարյանն է։ Արդեն մոտ կես ամիս է, ինչ հայտնի ծաղկավաճառի արձանը հրապուրում է անցորդներին թե ցերեկային, թե գիշերային ժամերին՝ առանձնակի շուք տալով Երեւանյան փողոցին»,-ներկայացրեց Լիլիթ Գեւորգյանը:
«Նախաձեռնության նպատակը ոչ միայն ծաղիկների վաճառքը գովազդելն է, այլ նաեւ մեր քաղաքը հրապուրիչ ու գեղեցիկ դարձնելը։ Կարծում եմ, որ ամեն ոք պետք է իր հնարավորությունների սահմաններում նպաստի մեր քաղաքի բարեկարգմանն ու գեղեցկացմանը»,-«Արմենպրեսի»-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության հեղինակ Արմեն Գրիգորյանը:
Խոսրով Խլղաթյան




















































