Բակո Սահակյանը ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձի առթիվ պարգևատրել է մի խումբ գործիչների
SOCIETYԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձի կապակցությամբ օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Արցախի հերոս», Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան է շնորհվել Արթուր Աղաբեկյանին։
Պետական բարձր պարգևներով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ, ազատամարտիկներ, Արցախի, Հայաստանի և արտերկրի մի խումբ պետական և հասարակական գործիչներ, դիվանագետներ, բարերարներ, տնտեսության, կրթության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ:
Արվեստի և լրագրության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ:
Շնորհավորելով պարգևատրվածներին՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ պետությունը միշտ բարձր է գնահատում մարդկանց, ովքեր նշանակալի արդյունքների են հասել իրենց ծառայության մեջ և աշխատանքում՝ ի նպաստ մեր հայրենիքի:
Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:



