Պատմական Սուրի ավերման համար պատասխանատու անձանց դեմ բողոք է ներկայացվել թուրքական դատարան
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Դիարբեքիրի նահանգում շարունակվում է պատմական Սուրի շրջանի քանդումը, որի մեջ են մտնում նաև հին հայկական մի շարք թաղամասեր:
Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության երկու պատգամավոր բողոք է ներկայացրել դատարան ընդդեմ Սուրի քանդման համար պատասխանատու պետական այրերի:
Պատգամավորներ Իմամ Թաշչըերը և Սիբել Յիղիթալփը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել են, որ իշխանությունները քանդում են Սուրը ոչ միայն տեղի պատմությունը ոչնչացնելու, այլև իրենց բիզնես նպատակներն այստեղ իրագործելու համար:
Նրանք պահանջել են, որ պատասխանատվության ենթարկվեն հատկապես Սուրի բնակիչներին էլեկտրականությունից և գազից զրկած պետական այրերը:
Նշենք, որ 2016թ.-ին պետականացված գույքի ցուցակում էր հայտնվել նաև հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, որը, սակայն, ավելի ուշ հաջողվեց վերադարձնել մշակութային հիմնադրամին, որին եկեղեցին պատկանում էր մինչ բռնի պետականացումը:
Թուրք-քրդական բախումների հետևանքով խոշոր ավերածությունների ենթարկված Սուրի շրջանում ռազմական գործողություններից տուժել է ավելի քան 40.000 խաղաղ քաղաքացի: Հիշեցնենք, որ Սուրում թուրքական հատուկ ուժերի գործողությունները սկսվել էին 2015թ.-ի սեպտեմբերի 6-ին և ավարտվել 2016թ.-ի մարտի 10-ին: Սուրի աղետի պատճառով ավերածության է ենթարկվել շրջանի շուրջ 29.000 թաղամաս:



