Լավ կլինի` վարչապետը ոչ թե վատ համայնքապետերի, այլ նրանց հրամաններ տվողների անունները հնչեցնի
ANALYSIS
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ մարզի համայնքնապետերի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ 2018 թվականի բյուջեն բավականին կոշտ վերահսկողության տակ է լինելու:
«Մենք ուզում ենք ստեղծել հավասար գործընկերային հարաբերություններ: Մենք հարգում ենք մեր համայնքապետերի իրավունքները, որ իրենք իրենց համայնքի ընտրված ղեկավարներն են: Բայց դա չի նշանակում, որ նրանք իրենց համայնքում մի ռեժիմով պետք է ապրեն, իսկ մենք` մեկ այլ ռեժիմով: Համայնքների բյուջեները լավը չեն: Ավելին` շուտ վատն են: Ավելին՝ ամենավատն են»,- ասել է վարչապետը:
Նա նաև ընդգծել է, որ սեփական եկամուտների մասով նույնպես ամենավատը Գեղարքունիքի մարզի ցուցանիշներն են:
Անկեղծ ասած, համոզված ենք, որ ամենավատ ցուցանիշներով աչքի ընկած Գեղարքունիքի մարզի մասով նույնպես, վարչապետին ներկայացված պատկերն ամբողջական ու լիարժեք չի լինի: Եվ ինչպես Past.am-ի կողմից հրապարակած նյութից է պարզ դառնում, իրականում միտումնավոր կերպով, խեղաթյուրվում են իրական փաստերն ու թվերը: Իսկ թե ինչու են համայնքապետերն այդ մասին լռում, դա նույնպես շատ պարզ է: Որովհետև վարչապետի գալ-գնալուց հետո տեղերում ներքին ռազբորկաներ են սկսվում, որից կրկին տուժում է հասարակ գյուղացին՝ ձմեռը վառելիքը «վարի» կտան, ամառը ջուրը կփակեն: Ու, թե կարող ես, այդ պայմաններին դիմացիր կամ փախիր:
Մեր համայնքապետերն էլ, մարզպետներն էլ և ավելի վեր կանգնած օղակներն էլ, ինչքան էլ գիրք ու թեմա սերտեն ամենաթանկանոց ու ամենահեղինակավոր համալսարաններում, միևնույնն է, նրանք ունակ չեն իրենց բաժին հասած աթոռին արդար նստել, ամեն գյուղացու սրտացավ վերաբերմունք ցուցաբերել ու արդար ղեկավարել իրենց համայնքն ու մարզը:
Այնպես որ, հարգելի վարչապետ, եթե ուզում եք իրականությունն իմանաք գյուղի ու գյուղացու մասին, առանց նազիր-վեզիրների ու առանց զեկուցողների այցելեք հեռավոր մարզեր: Հավատացեք, որ գյուղացիներից շատերն անգամ Ձեզ դեմքով չեն ճանաչի: Ամենօրյա հոգսերով տարված մարդիկ իրենց աչքերին չեն էլ հավատա, երբ տեսնեն, որ գնացել եք նրանց հետ տետ-ա-տետ զրուցելու:
Բայց, երբ հաջողվի անձամբ ծանոթանալու իրականությանը, այդժամ կհասկանաք, որ այն թվերը, որոնք խելոք դեմքով ներկայացվում է կառավարության նիստերի ժամանակ, իրականությունից շատ հեռու են: Ինչ վերաբերում է թվերի նկարչությանը, ապա՝ ով ինչքան կարողանում է, նկարում է: Հետո բոլոր նկարված թվերը մտնում են շրջանառության մեջ ու սկսում են երկար ժամանակ ստեր տիրաժավորել:
Փաստ է մի բան, որ գյուղացին ու հողը «հոգեվարքի» մեջ են: Եվ դա ոչ թե համայնքապետերից, այլ վերևներից եկող ինչ-որ անտեսանելի անձանց հրամանների պատճառով է: Այնպես որ, ժամանակն է, որ ոչ թե վատ աշխատող համայնքապետերի անունները հնչեցվի, այլ՝ Ձեր մեջքի հետևից նրանց հրամաններ տվողներինը:
Արմինե Գրիգորյան




















































