Խորամանկություններ, որոնք կօգնեն կողմնորոշվել խանութում ապրանքի թարմության ու որակի հարցում (լուսանկարներ)
LIFE
Հարմար զեղչային ակցիաներ, գեղեցիկ փաթեթավորումներ ու ժպտերես աշխատակիցներ. խանութներում հաճախ անում են հնարավոր ամեն բան մեզ գրավելու և ապրանքը վաճառելու համար: Սակայն ամեն բանի չէ, որ արժե հավատալ:
AdMe.ru-ն առանձնացրել է մի քանի խորամանկություն, որոնք կօգնեն ձեզ կողմնորոշվել ապրանքի թարմության ու որակի հարցում՝ թույլ չտալով, որ զղջաք ձեր ծախսած գումարի համար:
Բուսայուղ
Լավ բուսայուղ ընտրելն այդքան էլ բարդ չէ՝ ընդամենն ուշադրություն դարձրեք շշի հատակին. եթե նկատում եք որոշակի նստվածք, ապա համոզված եղեք՝ այն թթվել է և ուտեստ պատրաստելիս դառնահամ կփոխանցի ձեր ուտելիքներին:
Միս
Տավարի թարմ միսը պետք է ունենա կարմիր գույն, գառանը՝ նույնպես, սակայն ավելի հագեցած երանգով: Հորթի միսն ընտրեք ըստ վարդագույն երանգի, իսկ խոզինը՝ նուրբ վարդագույն:
Հավ
Թարմ հավի կաշին պետք է լինի մաքուր և չոր, դիպչելիս այն չպետք է կպչի ձեր մատներին: Հավի կպչուն մաշկը վկայում է այն մասին, որ թռչունը հիվանդ է եղել, ավելին՝ ամենայն հավանականությամբ նրան բուժել են հակաբիոտիկներով:
Բացի այդ՝ եթե թռչունը ծեր է եղել, նրա մաշկը նկատելիորեն հաստ և յուղոտ կլինի:
Աղացած միս
Եթե աղացած մսի գույնը կարմիրի փոխարեն բաց վարդագույն է՝ դա վկայում է նրա ոչ այնքան թարմ լինելու մասին: Իսկ մսի վրա երևացող մոխրագույնը կարող է փաստել, որ աղալու ընթացքում նրա հետ խառնվել է նաև հնացած միս:
Կաթ
Թարմ և առանց հավելումների կաթը պետք է ունենա մաքուր սպիտակ գույն և լինի թանձր: Եթե նկատում եք կապտավուն երանգ՝ ամենայն հավանականությամբ կաթի հետ ջուր են խառնել:
Փորձեք մի կաթիլ կաթ կաթացնել հարթ մակերեսի վրա. եթե կաթիլը, պահպանելով իր ձևը, հնարավորինս չցրվի, ուրեմն կաթը բնական է ու առանց ավելորդ հավելումների:
Կարագ
Առանց ավելորդ հավելումների կարագն ունենում է մոտ 75 տոկոս յուղայնություն, եթե այդ տոկոսն ավելի քիչ է, ապա այդ կարագի մեջ գերակայում են տարբեր արհեստական հավելումները:
Բնական ու թարմ կարագի գույնը պետք է լինի ոչ թե ձյունաճերմակ, այլ ավելի շուտ բաց-դեղնավուն:
Հավկիթ
Ուշադիր ստուգեք ձվերը գնելուց առաջ. եթե ներսից նկատում եք մուգ հետքեր, ապա ձուն անկասկած արդեն հնացել է և չարժե դրա վրա գումար ծախսել:




















































