Ամերիկյան պատժամիջոցները, Ռուսաստանն ու մենք
ANALYSIS
ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ գնալով խորանում են, դառնում բազմազան ու ինստիտուցիոնալ: Տնտեսականից բացի դրանք նաև դիվանագիտական են, քաղաքական, քաղաքացիական: Դրանք խփում են թե՛ քաղաքական վերնախավի, թե՛ քաղաքացիների շահերին: Նպատակը մեկն է ՝ հասարակության բոլոր շերտերում առաջացնել սինքրոն դժգոհություն իշխող համակարգի դեմ:
Շատ է խոսվում այն մասին, թե արդյո՞ք Ռուսաստանի դեմ ամերիկյան սանկցիաներն ազդում են Հայաստանի վրա, բնականաբար՝ որպես ԵԱՏՄ անդամ պետության, որպես Ռուսաստանի հետ տնտեսական կապեր ունեցող երկիր, որպես Ռուսաստանում բազմաթիվ աշխատանքային միգրանտներ ունեցող քաղաքացիներ: Եվ սա հարցի բացառապես տնտեսական կողմն է:
Այլ է քաղաքական կողմը: Հայաստանում առկա ռեալ դժգոհությունը ռուսական քաղաքականությունից, դրդում է հայերին լոյալ կամ համակրանքով վերաբերվել ամերիկյան պատժամիջոցներին. այն ինչ չենք կարող անել մենք, անում են ամերիկյան իշխանությունները՝ պատժում են ռուսներին: Բացի այդ ՝ Ռուսաստանին ուղղվող արտաքին մարտահրավերները երկրորդ պլան են մղում Հայաստանի ուղղությամբ ռուսական կայսերապաշտական քաղաքականության նկրտումները: Այլ կերպ ՝ Ռուսաստանին ժամանակ և ռեսուրս չի մնում Հայաստանով զբաղվելու համար, նա իր սեփական խնդիրներն ունի ու զբաղվում է դրանով:
Ասվածը հատկապես հետաքրքրական է, երբ դիտարկում ենք վերջին տարիներին Հայաստանի դեմ ռուսական կողմի ակտիվ ու ինտենսիվ ճնշումների համատեքստում: Հայաստանում այժմ կա ռուսական շահերի ներկայացուցիչ վարչապետ, որի քաղաքական ապագան կախված էր ռուսական միջավայրի ներդրումներից: Ամերիկյան պատժամիջոցների դեպքում ՝ Հայաստանի հնազանդեցման համար ուղարկվելիք ներդրումների հարցը մղվում է ոչ թե երկրորդ, այլ ավելի հեռու պլան: Եվ այս իմաստով, ինչքան տարածաշրջանային կայսրությունը հարվածներ ստանա դրսից, այդքան քաղաքական առումով մեզ համար լավ:
Ի վերջո ԽՍՀՄ-ն էլ փլուզվեց երկարատև ու հյուծիչ սառը պատերազմի, և դրա դիմակայության վրա իրեն սպառած կոմկուսի իմպոտենտության հետևանքով: Իսկ այդ ընթացքում Հայաստանը գտավ բաց գոտին ու ճեղքեց 70-ամյա պատը: Հիմա իրավիճակն ավելի անհույս է, որովհետև Ռուսաստանն ի տարբերություն ԽՍՀՄ-ի որևէ պոզիտիվ դերակատարում չունի և վերածվել է բացառապես եվրասիական ժանդարմի, հետևաբար մեծացել է նաև երկրորդ ճեղքման հնարավորությունը:
Արտակ Ասլանյան




















































