Թրամփը զանգվածային բողոքներից հետո ակնկալում է ԱՄՆ-ի «ապաքինումը»
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցել է Բոսթոնում ցույցեր կազմակերպած՝ աջ հայացքների հակառակորդներին, հայտնելով, որ երկիրը «կապաքինվի» զանգվածային բողոքներից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր երկիրը պառակտված է եղել տասնամյակներ շարունակ։ Երբեմն ապաքինվելու համար բողոք է պետք։ Ու մենք կապաքինվենք ու կդառնանք ավելի ուժեղ, քան երբեւէ»,- գրել էր Թրամփն իր թվիթերում
Նա հավելել է, որ «ուզում է ծափահարել մոլեռանդության ու ատելության դեմ Բոսթոնում հանրահավաքի մասնակիցներին»։
Նախօրեին Բոսթոնում անցկացվել են աջ հայացքների կողմնակիցների ու նրանց հակառակորդների հանրահավաքներ։ Ակցիաների մասնակիցների թիվը մի քանի հազարի է հասել, ձերբակալվել է 27 մարդ։ Ոստիկանները նշել են, որ տուժածներ չկան։
Բոսթոնում հանրահավաքները սկսվել են Շարլոթսվիլի իրադարձություններից մեկ շաբաթ անց։ Շարլոթսվիլում բախումներ էին տեղի ունեցել աջ ու ձախ հայացքների կողմնակիցների միջեւ, ինչի հետեւանքով մեկ մարդ էր զոհվել, եւս 34-ը՝ տուժել։



