Ավտորիտարիզմն ու ծռերի պահանջարկը
ANALYSIS
Սասնա ծռերի, Ժիրայր Սեֆիլյանի, ինչպես նաև Նորքի գործով զինված խմբի դատավարություններն անցնում են աղմկոտ քննարկումների ներքո: Ամբաստանյալների աթոռին հայտնված անձանց իրավունքների ամենափոքր խախտումները դատարանում դառնում են թեժ քննարկումների առարկա: Կարելի է ասել, որ ամառվա հիմնական օրակարգը հենց ծռերն ու նրանց դատավարություններն էին: Եվ սա այն պարագայում, որ իրենք՝ ծռերը, բովանդակային իմաստով չունեն քաղաքական ասելիք և նահանջի ուղի հարթելու համար դիմում են արհեստածին հնարքների: Օրինակ՝ իրենց գործունեությունը փորձում են տեղավորել ապագաղութացում կոնցեպտի տակ:
Խնդիրը, սակայն, ոչ այնքան այն է, թե ինչ են ասում ծռերը, այլ՝ այն, թե ինչ են նրանք արել և ինչպես է դա հասկացել հասարակությունը՝ հուլիսյան թեժ օրերը հասարակության մի ստվար հատվածի մոտ ձևավորելով վերջին հույսի մտայնություն: Հասարակությունը չի վերլուծել գործողության նախապատմությունը, դրա հիմքերը, հետևանքները, պատմական կոնտեքստը և այլն: Հասարակությունը ֆիքսել է մակերևույթին լողացող մի պարզ բան ՝ զենքի ուժով ագրեսիա իշխանության դեմ, ցնցում, ապակայունացում:
Իսկ վերոթվարկյալ երևույթները պոպուլյարություն են վայելում մի պարզ պատճառով, որ իշխանությունն իր հիբրիդային ավտորիտարիզմով բացառում է երկրում որևէ բեկումնային փոփոխության հնարավորություն, իսկ ընդդիմությունը սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով, չի կարողանում փոփոխություն իրականացնել ու ավելի է խորացնում իրավիճակի ճահճացման միտումը: Այս իրավիճակում ցանկացած երևույթ, որը պարունակում է ցնցման ու ապակայունացման հեռանկար, ավտոմատ կերպով հասարակության աչքերում դառնում է ճահճացումից դուրս գալու միակ տարբերակը:
Վահան Մելիքյան




















































