Այսպես և՛ իշխանություններն են անվտանգ, և՛ «գայլերն» են ապահով
ANALYSIS
Պարզվում է Հայաստանը ՍՊԸ է բաց երկնքի տակ: Այստեղ ամեն ինչ մասնավոր է, նույնիսկ՝ պետական գերատեսչություններին հատկացված շենք-շինությունները:
Ու եթե օրինակ սոցիալական ապահովության տարածքային բաժինները, որոնք հիմնականում վարձակալական սկզբունքով են «տեղավորված» այս կամ այն շենքում ու մեր տվյալներով նրանց հանդեպ այսպես ասած՝ մեղմ վարձակալական քաղաքականություն է վարվում, ապա առողջապահական ոլորտում ամեն ինչ այլ է: Այստեղ ամեն ինչ կա՛մ արդեն վաճառված է, կա՛մ էլ շուտով կվաճառվի: Եվ դրանից հետո ապրել, թե՝ մեռնել, կախված է միայն անձի գրպանի պարունակությունից ու երևակայությունից:
Բայց զավեշտալին այն է, որ սեփական հիվանդանոցի բիզնես շահերն ամենևին էլ չեն խանգարում Հիպոկրատին տված երդումն անտեսելու, հիվանդի վիճակը մի քանի անգամ ավելի բարդ ներկայացնելու, միջին ծանրության վիրահատությունը բարդագույնի տակ «մատուցելու» ու կրկնապատիկ կամ եռապատիկ անգամ ավելի շատ գումար կորզելու համար:
Իշխանությունների ուշադրությանը նման երևույթների վրա հրավիրելու դեպքում, պատասխանը մեկն է՝ « … Բժշկական հաստատությունները մասնավոր են և մենք նրանց ներքին քաղաքականությանը միջամտելու իրավունք չունենք…»:
Ստացվում է, որ հիվանդանոցներում ինչ «լապշա» ուզեն կարող են կախել առողջապահությունից կիլոմետրերով հեռու հիվանդի ու էմոցիոնալ շոկի մեջ գտնվող հիվանդատիրոջ ականջներին, հաշված օրերի ընթացքում հարազատների գրպանները հնարավորին չափով արագ և շատ դատարկելու համար: Եվ այս սկզբունքով արդեն երկար տարիներ է, ինչ գոյատևում են մասնավոր կոչվող հիվանդանոցները, բայց դրա դեմ պայքարել ոչ ոք չի կարող, անգամ՝ պետությունը:
«Դժգոհ եք, դիմեք իրավապահ մարմիններին», ասում են ոլորտի պատասխանատուները և տուժածին պետական մակարդակով «տշում» մեկ այլ կիսապետական «ֆուտբոլի դաշտ»:
Ստացվում է, բոլորս անխտիր գերի ենք մասնավոր կոչվող «վիշապի» կայսրությունում: Եվ բավական է մի փոքր զգոնությունդ կորցնես, բոլոր կողմերից անմիջապես կհարձակվեն ու կսկսեն աջից ու ձախից գրպաններդ դատարկել:
Մնում է հասկանալ, թե ժամանակակից աշխարհում կա՞ արդյոք Հայաստանի նման մեկ այլ երկիր, ուր մասնավորին կարգի հրավիրելու համար նույնիսկ իշխանություններն են այսքան անզոր ու անճար: Բայց արի ու տես, որ մեր իշխանավորներին բավականին դուր է գալիս այս կարգավիճակը: Մի կողմից հեռու են գլխացավանքից, մյուս կողմից՝ զերծ են ոլորտում աշխատող մասնավորի սխալների համար պատասխան տալու «պարտականությունից»: Այսինքն՝ և՛ ղեկավարությունն է անվտանգ, և՛ «գայլերն» են ապահով, իսկ հասարակությունը ստիպված պետք է տեղավորվի այս փիլիսոփայության մեջ:
Արմինե Գրիգորյան




















































