Գերմանիայի և Թուրքիայի միջև խնդիրները չպետք է անդրադառնան ԵՄ-ի հետ բանակցությունների վրա. Թուրքիան պատասխանել է Մերկելին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմար Չելիքը, մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վերջին հայտարարությունը Եվրամիության Մաքսային միության ու Թուրքիայի միջև պայմանագրի ընդլայնման վերաբերյալ, նշել է, որ Գերմանիայի և Թուրքիայի միջև առկա խնդիրները չպետք է անդրադառնան Եվրամիության հետ ընդհանուր բանակցությունների վրա: Այս մասին գրում է թուրքական t24.com.tr կայքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ Թուրքիայի և ԵՄ Մաքսային միության միջև պայմանագրի ընդլայնման հարցում Գերմանիան որևէ ջանք չի գործադրի:
«Թուրքիան կարող է խնդիրներ ունենալ ԵՄ որոշ երկրների հետ, բայց Եվրոպական հանձնաժողովը չպետք է թույլ տա, որ դա անդրադառնա Մաքսային միության հետ բանակցությունների վրա: Պայմանագրի ընդլայնումը ներկայացնում են որպես մի մեծ նվեր Թուրքիայի համար, մինչդեռ դա միակողմանի պայմանագիր չէ», - ասել է Չելիքը:
Նշենք, որ վերոնշյալ պայմանագրի կետերը նախատեսում են, որ Թուրքիան ոչ միայն ազատ կարտահանի իր գյուղատնտեսական ապրանքները եվրոպական շուկա, այլև հնարավորություն կստանա մասնակցելու ԵՄ երկրներում կազմակերպվող պետական աճուրդներին:
Բացի այդ, ԵՄ-ն կարող է մեծացնել իր տնտեսական ներդրումները Թուրքիայում: Սպասվում է նաև, որ ԵՄ և երրորդ երկրների միջև կնքվելիք առևտրային պայմանագրերը պայմանագրի հաստատման դեպքում կներառեն նաև Թուրքիան:



