Հայկ Մարությանը, Գարիկ Պապոյանը, Էթերի Ոսկանյանն ու Արմինե Պողոսյանը ներկայացրել են «Սիրո գործակից» ռոմանտիկ կատակերգությունը (լուսանկարներ)
PHOTO
NEWS.am STYLE-ը գրում է.
«Մեկ տարվա աշխատանքներից հետո ֆիլմն այսօր արդեն պատրաստ է: «Սիրո գործակիցն» այսօր հանձնելու ենք ձեր դատին: Այս անգամ ավելի դժվար աշխատեցինք, քան «Սուպեր մամա» ֆիլմի դեպքում, քանի որ փորձել ենք որակի սանդղակը ևս մեկ աստիճանով բարձրացնել»,- երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Սիրո գործակից» ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հայկ Մարությանը: Դերասանը, ի դեպ, ասուլիսին ներկայացել էր բեղերով, ինչը բացատրեց հետևյալ կերպ. «Նախ` ցանկացա ժպիտ պարգևել հավաքվածներին, հետո` ուզում եմ ներկայացնել 70-ականների բարի ժամանակները, երբ բոլորը միմյանց հարգում էին: Հուսով եմ` Հայաստանում դեռ կգան նման ժամանակներ»:
Բացի Հայկից ասուլիսին մասնակցում էին նաև դերասաններ Գարիկ Պապոյանը, Էթերի Ոսկանյանը, Արմինե Պողոսյանը և ռեժիսոր Վահագն Խաչատրյանը:
Խոսելով ֆիլմի գլխավոր մտքի մասին` ռեժիսորն ասաց. «Կյանքում գոյություն ունեն բազմաթիվ բարդություններ և դրանք հաղթահարելու տարբեր միջոցներ կան: Որպես կանոն` մարդիկ ընտրում են խարդախ և ոչ ճիշտ միջոցները: Մենք ցանկացել ենք ասել, որ երբեք պետք չէ կորցնել մարդկային տեսակը, քանի որ ցանկացած դժվար իրադարձությունից կարելի է դուրս գալ ազնիվ ճանապարհներով»:
«Սիրո գործակիցը» ռոմանտիկ կատակերգություն է, որն ունի սպորտային ուղղվածություն և ամբողջ պատմությունը կառուցված է թենիսի մրցարշավի վրա:
Ֆիլմում բոլոր դերասաններն էլ հանդես են եկել արտասովոր կերպարներով:
Խոսելով իր մարմնավորած հերոսուհու մասին` Արմինե Պողոսյանը նշեց. «Մարմնավորում եմ մի թերհաս և հարուստ աղջկա: Թե ինչքանով է ինձ մոտ ստացվել կերտել նրան, չգիտեմ: Կարծում եմ` իմ շատ սիրելի ռեժիսորների շնորհիվ կարողացա պատվով ներկայացնել այդ հերոսուհուն»:
Դերասանուհի Էթերի Ոսկանյանը թենիսիստուհի Անիին մարմնավորելու համար հատուկ թենիսի պարապմունքների է հաճախել: «Շատ սիրեցի այդ սպորտաձևը: Նկարահանումներից հետո, նույնիսկ, մնում և թենիս էինք խաղում»,-ասաց նա:
Բավականին արտասովոր կերպարով է ներկայացել նաև Գարիկ Պապոյանը. «Արդեն հարմարվել էի կերպարիս, նույնիսկ, անսովոր էր սովորական կերպարիս վերադառնալը: Բոլոր նրանք, ովքեր ինձ երկու ամիս տեսել էին կարմր մազերով և պեպեններով, մի քանի օր առաջ տեսնելով իմ իսկական կերպարով` արդեն չճանաչեցին»,- ասաց Գարիկը:
«Սիրո Գործակից» ֆիլմում նկարահանվել են նաև դերասաններ Ռուդոլֆ Ղևոնդյանը, Խորեն Լևոնյանը, Աննա Հարությունյանը, Լևոն Հարությունյանը, Արման Նավասարդյանը, Լուիզա Ներսիսյանը, Ռաֆայել Երանոսյանն ու Արմուշը, որոնք ևս ներկա էին ֆիլմի պրեմիերային: Դերասանական կազմին և պրոդյուսերներին շնորհավորելու էին եկել նաև Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Դիանա Շատվերյանը, Էրիկը, Արսեն Գրիգորյանը և մի շարք այլ հայտնիներ:
Լուսանկարները՝Արսեն Սարգսյան




















































