Մենք ստիպված ենք համագործակցել Թուրքիայի հետ. Եվրախորհրդարանի նախագահ
INTERNATIONAL NEWSԵվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ թեև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունն իրենց համար անընդունելի է, այնուամենայնիվ, Եվրամիությունը ստիպված է համագործակցել Էրդողանի հետ: Այս մասին գրում է gazeteduvar.com.tr կայքը:
Պատասխանելով իտալական Radio Radicale ռադիոկայանի լրագրողի հարցին, թե արդյոք Եվրոպայի համար ամոթալի չէ համագործակցել այնպիսի երկրի հետ, որը չի հարգում մարդու իրավունքներն ու արհամարհում է Եվրամիության հիմնարար սկզբունքները, Տայանին պատասխանել է, որ Եվրոպայի տարածքում ահաբեկչության, գործազրկության ու մի շարք այլ վտանգների պատճառով իրենք ստիպված են համագործակցել այնպիսի երկրների հետ, ինչպիսին են Թուրքիան և Լիբիան:
«Հիշենք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի մասին: Թուրքիան մեր ժողովրդավարական չափանիշներին չի համապատասխանում, ես դա ավելի վաղ էլ եմ ասել», - շեշտել է Տայանին:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ԵԽԽՎ-ն հավանության է արժանացել Թուրքիայում ժողովրդավարական կառույցների գործունեության մոնիթորինգի վերաբերյալ օրինագիծը: Օրինագծի հիմքում ընկած է Թուրքիայում վերջին շրջանում մարդու իրավունքների, մամուլի ազատության, օրենքի գերակայության ոլորտում գրանցված լուրջ հետընթացի մասին վկայող զեկույցը։



