Հանրապետությունում մեղրի իրացման խնդիր կա. Մեղվաբույծների ազգային միության նախագահ
SOCIETYՄեղրն այս տարի հանրապետությունում ավելի քիչ կլինի, քան նախորդ տարիներին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մեղվաբույծների ազգային միության նախագահ Թելման Նազարյանը: Նրա խոսքով՝ մեղվաբույծների հույսերը չեն արդարացել՝ մեղավագործներն առատ բերք էին ակնկալում: Ավելին՝ Թելման Նազարյան տեղեկացրեց, որ Հայաստանում այս տարի մեղրը 15 օր ուշացումով են քամել, թեև արդեն իսկ մեղվաբույծներն ավարտել են մեղր քամելու գործընթացը:
«Բերքը նախորդ տարիների համեմատ լավ չի եղել , օրինակ՝ անցյալ տարի 3500 տոննա է եղել, իսկ այս տարի երևի կեսից էլ պակաս կլինի՝ մոտ 1500 տոննա»,- ասաց նա:
Սակայն Մեղվաբույծների միության նախագահի մտահոգություն այն է, որ անգամ քիչ քանակությամբ բերքն իրացնելու հետ կապված խնդիրների առջև կարող են կանգնել: Նա նկատեց, որ ՀՀ-ում ամենաշատ մեղվաբույծերը Տավուշի մարզում են, իսկ նրանք նույնիսկ նախորդ տարվանից կուտակած ու չվաճառած մեղր ունեն:
«Խնդիրն իրացումն է, քանի որ դժվար ենք իրացնում, երևի այս հարցով պետք է պետությունն օգնի, սակայն ես նրանց օգնությունը դեռս չեմ տեսել»,- շարունակեց Թելման Նազարյանը:
Վերջին կարծում է, որ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի ու արտերկրի հետ պայմանագրեր կնքի մեղրի արտահանման համար: Թելման Նազարյանը հավելեց, թե որոշակի բանակցություններ համապատասխան պատկան մարմինների կողմից իր հետ եղել է, և ինքն արդեն ասել է, թե ինչ քանակության մեղր կարող են տրամադրել, սակայն արդյունքը դեռ չի տեսել:
Հարցին՝ հայաստանյան ներքին շուկայում բերքն իրացնել հնարավո՞ր չէ, Նազարյանը պատասխանեց.«Մի կարամելի գործարան կար, ժամանակին մեղր էին առնում, բայց դա շատ չնչին քանակություն էր, էֆեկտ չկա: Խանութներում չեն վերցնում»:



