Dragon բեռնանավը հզոր համակարգիչ ու պաղպաղակ է առաքել Միջազգային տիեզերական կայան
INTERNATIONAL NEWSSpaceX ընկերության Dragon տիեզերական բեռնատարն օգոստոսի 16-ին ամրակցվել է Միջազգային տիեզերական կայանի Harmony մոդուլին։ ՆԱՍԱ-ն հայտնել է, որ գործողությունն ավարտվել է 09։07-ին, ԱՄՆ արեւելյան ափի ժամանակով։
Ամրակցումն իրականացրել են ամերիկացի տիեզերագնաց Ջեք Ֆիշերն ու իտալացի Պաոլո Նեսպոլին՝ Եվրոպական տիեզերական գործակալությունից։
Բեռնատարը ուղեծրային համալիր է հասցրել խմելու ջուր, պարենամթերք, գիտական սարքեր ու այլ սարքավորումներ՝ 2․9 տոննա ընդհանուր քաշով։ Երկրից ուղեծրային կայանի անձնակազմի համար նաեւ պաղպաղակ էին ուղարկել։
Բացի այդ՝ ՄՏԿ է ուղարկվել ամերիկյան Hewlett-Packard ընկերության նոր համակարգիչը։ Արտադրողի գնահատականով՝ Spaceborne Computer-ը կդառնա ուղեծրում հաշվողական տեխնիկայի ամենահզոր նմուշը, եթե կարողանա աշխատել տիեզերքի պայմաններում։ Hewlett-Packard-ի մասնագետի խոսքով՝ տվյալ համակարգիչն ունակ է վայրկյանում մեկ տրիլիոն գործողություններ իրականացնել ու այդ ցուցանիշով 30-100 անգամ գերազանցում է սովորական համակարգիչներին։
Տիեզերական բեռնատարը ՄՏԿ-ից կվերադառնա սեպտեմբերի կեսերին, իր հետ բերելով 1․5 տոննա գործիքներ ու սարքավորումներ։



