Թուրքիայում 17 ՔԱԿ անդամներ փորձել են փախչել փակ ռեժիմով բանտից
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Օսմանիե նահանգի T տիպի փակ ռեժիմով բանտում ազատազրկված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 17 անդամներ բանտից փախչելու փորձ են կատարել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Բանտարկյալները բանտի պատը ծակելով փորձել են փախչել, սակայն կրկին կալանավորվել են: Բանտի ղեկավարությունը հայտնաբերել է նաև փախուստի ճանապարհ բացելու համար օգտագործված գործիքները. ընթանում է հետաքննություն:
Ներկայումս թուրքական բանտերում ձերբակալված են ՔԱԿ անդամ լինելու մեջ մեղադրվող հազարավոր անձինք: Թուրքիայի Ադանայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օգոստոսի 15-ին Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ ուղղված հատուկ գործողություններ են իրականացրել, ինչի արդյունքում ձերբակալվել է 12 ՔԱԿ անդամ:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր: 1980-ականներից ՔԱԿ-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում զոհվել է մոտ 50 հազար մարդ, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:



