«Հայաստան» համահայկական հիմնադրամը գրենական պիտույքներ է նվիրել Հարժիսի բոլոր երեխաներին
SOCIETY«Հայաստան» համահայկական հիմնադրամը օգոստոսի 10-ին այցելել էր Սյունիքի մարզի Հարժիս գյուղ,
որտեղ հարժիսցի բոլոր 82 երեխաներին գրենական պիտույքներ է նվիրել:
Ինչպես տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, երեխաները մեծ ոգևորությամբ բացում էին նվեր ստացած դպրոցական ուսապարկերը, որտեղ գտնում էին դպրոցի համար անհրաժեշտ ամեն ինչ՝ գրչատուփեր, հաշվիչներ, ջրաներկեր, պլաստիլին, ալբոմներ, տետրեր, գրիչներ և այլն։
830 բնակիչ ունեցող գյուղի անվանումը դեռևս հստակ ստուգաբանության ենթարկված չէ։ Հարժիսի դպրոցի տնօրեն Նորայր Եսայանը նշել է, որ «Հարժիս» անվանումը «արժեք» բառի փոփոխված ձևն է։ Իսկ «արժեքավոր» է համարվել այս տարածքը երկու պատճառով.նախ՝ 10-րդ դարից այստեղ գործել է գաղտնուղի դեպի Տաթևի վանք, երկրորդ՝ տարածքում եղել են արծաթի պաշարներ։
Հարժիսի դպրոցը գործում է 1960-ականներից, այդ օրերից այն չի վերանորոգվել։
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ արդեն տասը տարի է Հայաստանի տարբեր մարզերի գյուղերին նվիրաբերում է գրենական պիտույքներ՝ ընտրելով առավելապես սահմանամերձ կամ սոցիալապես անապահով գյուղերը։ Այս տարի ծրագրում ընդգրկվել էին Սյունիքի մարզի Հարժիս և Իշխանասար գյուղերը։



