Ամերիկուհին երեխաների համար զգեստներ է պատրաստում ամուսնու հին վերնաշապիկներից (լուսանկարներ)
LIFE
Շատերը չգիտեն՝ ինչպես վարվել հին հագուստի հետ. կան զգեստներ, որոնք մենք այլևս չենք կրում, սակայն ափսոսում ենք ազատվել դրանցից: Ոմանք հին հագուստները տարիներով թողնում են զգեստապահարանում, մյուսները հանձնում են դրանք բարեգործական նպատակներով, իսկ ժամանակ ու հնարավորություն ունեցողներն իրենց ուժերով ձևափոխում և թարմացնում են հին հագուստները:
Այսպես, ԱՄՆ-ի Յուտա նահանգի բնակչուհի Ստեֆանի Միլլերն իր ամուսնու հին վերնաշապիկներից հետաքրքիր զգեստներ է կարում իր դստրերի համար:
Bored Panda-ն գրում է, որ արվեստի ուսուցիչ և 4 երեխաների մայր Ստեֆանին ձևափոխում է ամուսնու վերնաշապիկները նրա իսկ նվիրած կարի մեքենայի օգնությամբ:
«Տառապում էի հետծննդաբերական դեպրեսիայով և ինքնության կորուստ զգում: Կարի մեքենան օգնեց բացահայտել իմ ստեղծագործական կողմը, և փափուկ խաղալիքներ կարելուց հետո սկսեցի կարուձեևի վերաբերյալ ուսուցողական տեսանյութեր դիտել YouTube-ում», - պատմել է կինը:
Ստեֆանիի խոսքով՝ ինքը հագուստներ է կարում ոչ միայն ամուսնու վերնաշապիկներից. նրանց հարևանները և ընկերները նույնպես նվիրաբերում են իրենց հին հագուստները, և ինքը միշտ բավական կտորներ է ունենում աշխատելու համար:




















































