Թթուջուր գյուղում բացվեց եւ օծվեց Սուրբ Աստվածածին նորակառույց եկեղեցին
SOCIETYԳեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում բացվեց եւ օծվեց նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ հովանավորությամբ Թթուջուր գյուղի Բորյան ընտանիքի ժառանգորդներ Վլադիմիր եւ Հայկ Բորյանների, ճարտարապետությամբ Մաքսիմ Շլբաշյանի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմից, Սուրբ Աստվածածին եկեղեցին օծվել է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր-Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ մասնակցությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանի, Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի եւ Վազգենյան դպրանոցի հոգեւոր տեսուչ Տեր-Նշան վարդապետ Հմայակյանի:Բացման եւ օծման արարողությանը մասնակցել են Ճամբարակի տարածքի համայնքների հավատավոր բնակիչներ, պետական հիմնարկների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից եւ Հայաստանի տարբեր մարզերից: Կենտրոնագմբեթ եկեղեցու շինարարական աշխատանքները մեկնարկել են 2014 թվականից եւ ավարտվել 2017 թվականին:Նորաբաց եկեղեցում արդեն տրվել է առաջին Սուրբ Պատարագը՝ նվիրված Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի ճամբարակի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր-Պսակ քահանա Մկրտչյանի:Թթուջրի Սուրբ Աստվածածինը Ճամբարակի տարածաշրջանում դառնում է թվով երրորդ գործող եկեղեցին:«Սուրբ Աստվածածինը Ճամբարակ քաղաքի ու Գետիկ գյուղի եկեղեցիների կողքին դարձել է հերթական գործող եկեղեցին: Այն ավելի ամուր կկապի մեր ժողովրդին իր հնօրյա հավատին: Բարերարները աստվածահաճո, ազգանվեր գործ են կատարել»,-ներկայացրեց Տեր-Պսակ քահանա Մկրտչյանը:



