Գեներալ Ջոզեֆ Դանֆորդը Հարավային Կորեա է ժամանել
INTERNATIONAL NEWSՇտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը Կորեական թերակղզի է ժամանել՝ Վաշինգտոնի եւ Փհենյանի փոխադարձ սպառնալիքների ֆոնին եւ ամերիկյան-հարավկորեական համատեղ զորավարժությունների նախօրեին, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։
Լրագրողների հետ զրույցում Դանֆորդը հայտարարել է, որ զինծառայողներն «առաջնային ուշադրություն են դարձնում» վարչակազմի դիվանագիտական ու տնտեսական ջանքերը սատարելուն՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման եւ գործողությունների ռազմական տարբերակ մշակելու հետ համատեղ, եթե այդ քարոզարշավը հաջողության չհանգեցնի։
Դանֆորդը հստակեցրել է, որ տարածաշրջան իր այցի նպատակը դաշնակիցներին՝ Հարավային Կորեային եւ Ճապոնիային հանգստացնելն է, ինչպես նաեւ չինացի զինծառայողների հետ հարաբերություններն ամրապնդելը։ Դանֆորդն ընդգծել է նաեւ, որ դրությունը, երբ Փհենյանը միջուկային զենքի է տիրապետում, անընդունելի է։
«Որպես ռազմական առաջնորդ՝ ես ամեն ինչ պետք է անեմ, որ նախագահն իրական ռազմական տարբերակներ ունենա՝ դիվանագիտական եւ տնտեսական ճնշում գործադրելու քարոզարշավի ձախողման դեպքում», – հավելել է նա։



