Հայաստանում համացանցով անվճար շփումը դու՞րս է մղում բջջային և լարային հեռախոսակապը
SOCIETYՀուլիսին Հայաստանում ինֆլյացիան տարեկան հաշվարկով 0․9 տոկոս է կազմել։ Այն հիմնականում նկատելի է եղել մանրածախ առեւտրի ոլորտում։
Վերջին լճացումից հետո այս տարի մանրածախ ապրանքաշրջանառությունը կարգի է ընկել։ Այսպես, մանրածախ ապրանքանշրջանառությունը հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում զգալիորեն աճել է (6,2 տոկոսով)։ Պետք է ենթադրել, որ այստեղ դրական գործոն են հանդիսացել արտաքին գումարային փոխանցումները (զգալի մասը՝ Ռուսաստանից ), որոնք ստանում են Հայաստանում ֆիզիկական անձինք։
Վճարունակության ավելացումը, բնականաբար, հանգեցրեց մի շարք ապրանքների գնաճին։ Այսպես, հուլիսին պարենամթերքները տարեկան հաշվարկով թանկացան շուրջ 3․3 տոկոսով։ Ալկոհոլային ըմպելիքների եւ ծխախոտային արտադրանքի գնաճը (3․8 տոկոս) կարելի է կապել ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի, այլ ոչ թե գնորդների թվի ավելացման հետ։
Սակայն ընդհանուր առմամբ գումարային փոխանցումները այնքան զգալիորեն չեն ավելացել։ Ուստի սուղ ընտանեկան բյուջեին մի փոքր հավելումը տրանսֆերներ ստացողներին բավարարել է միայն սննդակարգը բարելավելու համար։ Այս պայմաններում ոչ պարենային ապրանքների գները, նաեւ որոշ ծառայությունների սակագներ չեն բարձրացել, այլ նույնիսկ կրճատվել են։
Այսպես, կապի միջոցների սակագները նվազել են, սակայն ընդամենը 0․1 տոկոսով։ Իսկ բջջային կապի ոլորտում հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում բացասական միտում է նկատվում՝ անկում մոտ մեկ քառորդով (24․7 տոկոսով)։ Մոտավորապես նույնն է լարային հեռախոսակապի հետ կապված իրավիճակը՝ 18 տոկոսով շահույթի կրճատում։ Սակայն համացանցին հասանելիության ֆիզիկական ծավալը աճել է 34․8 տոկոսով, այսինքն՝ ավելի քան մեկ քառորդով։
Հայտնի է, որ «համաշխարհային սարդոստայնը», բացի ծառայությունների լայն ոլորտից, օգտատերերին շփման ունիկալ հնարավորություններ է ընձեռում։ Օրինակ՝ Skype-ով եւ մի շարք սոցկայքերով տեսակապը։ Հասկանալի է, որ անվճար տեսակապը շատ ավելի գրավիչ է, քան վճարովի ձայնային զրույցը։
Նման հնարավորություններ են ընձեռում նաեւ ժամանակակից բջջային հեռախոսները (օրինակ՝ Viber անվճար հավելվածը)։ Իսկ տանն այդ նպատակների համար ավելի ձեռնտու է օգտագործել համակարգիչներ, ինչպես նաեւ պլանշետներ եւ նոթբուքեր։ Այնպես որ, չի բացառվում հեռախոսային կապի վճարովի ծառայություններից (ներառյալ՝ միջքաղաքային եւ միջազգային) անվճար համացանցայինին անցում կատարելը։



