«Լավ մասնագետներ դառնան ու գնան, հասնեն իրենց ընկերներին». նորակոչիկ կապավորները երդվեցին (ֆոտո)
SOCIETYԱրտաշատում տեղակայված ՀՀ ՊՆ կապի ուսումնական զորամասում այսօր՝ օգոստոսի 13-ին, երդման արարողություն էր: Նորակոչիկ կապավորները հրամանատարական կազմի, ծնողների և բոլոր ներկաների առաջ երդվեցին անձնվիրաբար ծառայել հայրենիքին (ֆոտոռեպորտաժ):
Երդման արարողությունը տեղի ունեցավ Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում: Նշենք, որ այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Հենց այսօր երդում տալը, ըստ հոգեւորականի, մեծ խորհուրդ ունի. նա օրհնեց բոլոր նորակոչիկներին եւ ցանկացավ բարի ու անփորձանք ծառայություն: Օրհնանքից հետո նորակոչիկներին բարի ծառայություն, իսկ ծնողներին էլ՝ համբերություն ցանկացան նաեւ զորամասի հրամանատար Նիկոլայ Խոջոյանն ու Պաշտպանության նախարարության Կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Թեմուր Շահնազարյանը: Երդման արարողությանը ներկա էին նաեւ մարզի ռազմական ոստիկանության աշխատակիցները:

Հանդիսավոր արարողությունից հետո նորակոչիկներն ու հրամանատարական կազմն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին, իսկ այնուհետեւ մոմեր վառեցին եկեղեցում:

Արարողությունից հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում զորամասի հրամանատար Նիկոլայ Խոջոյանը շնորհավորեց նորակոչիկներին եւ նրանց հարազատներին:

«Նորակոչիկներին մաղթում եմ բարի ծառայություն, լավ մասնագետներ դառնան եւ գնան հասնեն իրենց ընկերներին, կատարեն իրենց պապերի գործի շարունակությունը»,- ասաց փոխգնդապետը:
Նշենք, որ այս ուսումնական զորամասում նորակոչիկները ծառայելու են 6 ամիս:




