«Ոչինչ չենք պլանավորում». Լենա Ղազարյանը՝ ամառային հանգստի չմեկնելու պատճառների եւ սպասվելիք հարսանիքի մասին
LIFEԻ տարբերություն շատերի, որոնք վաղուց փախել են երեւանյան շոգ ամառվանից, մի շարք երաժշտական նախագծերից հայտնի երգչուհի Լենա Ղազարյանն այս ամառ չի հասցրել հանգստանալ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին խոսեց հանգստի չմեկնելու պատճառների, առաջիկա նորությունների եւ անձնական կյանքի կարեւորագույն իրադարձության մասին:

«Չեմ կարողանում հասցնել հանգստանալ: Աշխատանքս այս տարի շատ է: Այս ամառվա հանգիստս աշակերտներիս եմ նվիրում: Մի քանի օրից նոր երգիս պրեմիերան կլինի: Երգի աշխատանքներով էի զբաղված, ինչպես նաեւ դիմահարդարման դասընթացներով»,-ասում է երգչուհին, որը, չնայած անտանելի շոգին, ամառն իր ամենասիրելի եղանակներից է համարում.
«Ամռանը շատ լավ է, տաք է կարեւորը: Լողավազանի ջրի շնորհիվ մոռանում եմ շոգի մասին»:
Այնուամենայնիվ, Լենան արդեն պլանավորել է, թե ինչպես կցանկանար անցկացնել հաջորդ տարվա ամառային հանգիստը.

«Չէի ասի, թե երազում եմ, բայց մյուս տարի շատ կցանկանայի հանգստանալ Իբիցիայում»:
Մայիսին նշանադրված երգչուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք առաջիկայում չի՞ պլանավորում ամուսնանալ.
«Դեռ հարսանիքի չենք պատրաստվում, ոչինչ չենք պլանավորում: Դեռ շատ շուտ է հարսանիքի մասին մտածել»,-եզրափակեց նա:



