Համաշխարհային խոշոր ավիափոխադրողները կրճատում են դեպի Ռուսաստան չվերթների թիվը
SOCIETYLufthansa, British Airways եւ SAS ավիաընկերությունները կկրճատեն դեպի Ռուսաստան ավիափոխադրումների քանակը տնտեսական անկման պատճառով, որի հետեւանքով չվերթներից շատերն ուղղակի անշահավետ են դարձել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Մեկ շաբաթից թռիչքները կանցնեն ձմեռային ռեժիմի, ինչի կապակցությամբ գերմանական Lufthansa-ն չեղյալ կհայտարարի դեպի Մոսկվայի Վնուկովո, ինչպես նաեւ Սամարայի եւ Նիժնի Նովգորոդի օդանավակայաններ կատարվող չվերթները։ Ավիափոխադրողը ռուսական ուղղությամբ կթողնի շաբաթական 63 չվերթ։ Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի այդ թիվը կազմում էր 153։ Ընկերությունը չվերթներ կիրականացնի միայն դեպի Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ, մինչդեռ 2011թ. թռիչքներ էր իրականացնում դեպի ռուսական 9 քաղաքներ, փոխանցում է ՌԲԿ-ն։
Ընդհանուր առմամբ Lufthansa-ն կչեղարկի շաբաթական 15 թռիչք, ինչն ընդհանուր չվերթների 25 տոկոսն է։ Ավիաընկերության ավստրիական ստորաբաժանումը նույնպես կկրճատի Ռուսաստանի հետ օդային հաղորդակցման հաճախականությունը։ Շվեյցարական ստորաբաժանումը կկրճատի Ցյուրիխ-Սանտ Պետերբուրգ թռիչքների թիվը։
SAS ավիաընկերության գրաֆիկից պարզ է դառնում, որ եկող տարվա մարտից ընկերությունը չեղյալ կհայտարարի Կոպենհագեն-Մոսկվա չվերթը, շարունակում է Bloomberg-ը։ Իսկ British Airways-ը Boeing 747 եւ Boeing 777 տարողունակ օդանավերը կփոխարինի ավելի փոքր A321 ինքնաթիռներով։
Հիշեցնենք, որ անցյալ ամսի բրիտանական EasyJet-ը չեղյալ էր հայտարարել Մոսկվա-Լոնդոն միակ չվերթը։



