Սոլակում հայտնաբերված ուրարտական շրջանի ամրոց-դղյակում այս տարվա պեղումները նոր բացահայտումներ են արել
SOCIETYՎանի թագավորության շրջանի «Սոլակ-1» ամրոց-դղյակ հնավայրում հայ-իտալական համատեղ արշավախումբը բացել է դղյակի սենյակները: Հնավայրից գտած խեցեղենն ու մյուս նմուշները թույլ են տալիս հաստատելու, որ ամրոց-դղյակը երեք հնագիտական ժամանակաշրջանների է պատկանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում արշավախմբի՝ հայկական կողմի ղեկավար Արթուր Պետրոսյանն ասաց, որ
ամենայն հավանականությամբ ուրարտացիները կառուցել են դղյակը, հետո այնտեղ ապրել են հետուրարտական կամ անտիկ շրջանում, ապա այն օգտագործել են նաեւ միջնադարում: «Կոտայքի մարզում հետազոտական աշխատանքների շնորհիվ «Սոլակ-1» հնավայրը մեր արշավախումբն է բացահայտել: Այնտեղ պեղումներ իրականացվում են 2013 թվականից: Ամրոցը կարելի է թվագրել Ուրարտական ժամանակաշրջանով Ք.ա․ 8-5-րդ դարերին: Ամենայն հավանականությամբ, այն ամրոցային համակարգի մաս է կազմում, որը կապում էր հարավում գտնվող ուրարտական ամրոցները (Էրեբունի, Կարմիր բլուր, Արամուս) Սևանի ավազանում գտնվող ամրոցներին»,-ասաց նա:
Արթուր Պետրոսյանի խոսքով՝ այս տարի պեղումների արդյունքում հայտնաբերվել են խեցեբեկորներ, գերաններ: «Գերաններից նմուշառում կատարեցինք եւ Սիենայի համալսարանում այն հետազոտելուց հետո պարզ դարձավ, որ ամրոցի առաստաղը եղել է կաղնու կամ շագանակի փայտից»,-ասաց նա:
Հնագետը նշեց, որ այս տարի Վանի թագավորության շրջանի «Սոլակ-1» ամրոց-դղյակում պեղումները սկսվել են հուլիսի 3-ին: Դրանք արդեն կարելի է ավարտված համարել: «Մենք կոնսերվացնում ենք հնավայրը՝ հաջորդ տարի այստեղ պեղումները շարունակելու նպատակով»,-հավելեց Արթուր Պետրոսյանը:



