34-ամյա կնոջ մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել նրա ամուսնուն. խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը
SOCIETYԵրեւանում 34-ամյա կնոջ մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել նրա ամուսնուն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 119-րդ հոդվածի 1-ին մասով՝ Խոշտանգումը:
Տղամարդու նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:
Նախնական տվյալներով, կնոջ մահվան պատճառը եղել է սուր սրտային անբավարարությունը: Նրա մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր, ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ ամուսինը նախկինում նրան պարբերաաբար բռնության է ենթարկել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 06:35-ին, «Շտապբուժօգնություն» ՊՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում մահացել է Մ. Աղաջանյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով:



