ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վենեսուելայում քաղաքական երկխոսության կոչ է անում
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ուշադիր հետեւում է Վենեսուելայում իրադարձությունների զարգացմանը։ Այս մասին ասվում է այն հայտարարությունում, որով Գուտերեշի անունից հանդես է եկել նրա մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։
Գուտերեշը վստահ է, որ Վենեսուելայում ճգնաժամը չի կարելի հաղթահարել միակողմանի միջոցառումների միջոցով, այն պահանջում է քաղաքական լուծում, որի հիմքում երկխոսությունն ու փոխզիջումն են։ «Երկրի պատմության համար այս օրհասական պահին» նա կոչ է անում երկրի բոլոր բնակիչներին առավելագույն ջանքեր գործադրել՝ լարվածությունը նվազեցնելու ու քաղաքական երկխոսություն հարթելուն նպաստելու համար, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։
Վենեսուելայի իշխանությունները ուժ են կիրառում բողոքի ակցիաները ճնշելու համար։ Ցուցարարներին ձերբակալում են ու կտտանքների ենթարկում։ Անվտանգության ուժերի ներկայացուցիչները ներխուժում են տներ ու իրականացնում մարդու իրավունքների այլ խախտումներ։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով վարչության փորձագետները, վկայակոչելով ականատեսներին։
«Ականատեսնեը պատմում են, որ անվտանգության ուժերը առանց նախազգուշացման արցունքաբեր գազ են կիրառում ցուցարարների դեմ»,- հայտնել է Վարչության ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին։
Որոշ ցուցարարներ նույնպես բռնության են դիմում՝ հարձակվելով անվտանգության ծառայության աշխատակիցների վրա, ասվում է հոդվածում։ «Առանձին ցուցարարներ բռնության են դիմում։ Իշխանությունները պետք է արձագանքեն այդ բողոքի ցույցերին՝ միջազգային իրավունքի համաձայն։ Բռնության կիրառման առանձին դեպքեր պահանջում են իշխանությունների արձագանքը, սակայն սակավաթիվ մարդկանց գործողությունները չպետք է հանգեցնեն ամբողջ շարժման ճնշմանը»։
Վարչության փորձագետները չեն կարողացել Վենեսուելա մեկնել, քանի որ երկրի իշխանությունները չեն պատասխանել ՄԱԿ-ի հարցմանը։ Իրավապաշտպանները իրենց հաշվետվությունը պատրաստել են, գտնվելով հարեւան երկրներում, մասնավորապես Պանամայում։ Նրանց զեկույցի ամբողջական տարբերակը հրապարակվելու է օգոստոսի վերջին։



