Մի ամբողջ գերդաստանի լույս մարեց, էդ մարդը պատրաստ է սպանել ցանկացած մեկին. սպանված բժշկի հայր
SOCIETY«Պատանի լրագրողների» դպրոցում մեկ տարի առաջ սպանված 22-ամյա Լեւոն Սահակյանի նշանածը աշխատանքից հեռացել է ոչ թե աշխատավարձը չստանալու պատճառով, այլ դպրոցի տնօրեն՝ Վահան Ղազարյանի վատ վարքի պատճառով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց սպանված երիտասարդի հայրը՝ Տիգրան Սահակյանը: Նա նշեց, որ Արեգնազը աշխատելով Վահան Ղազարյանի մոտ, ոչ միայն չի ստացել աշխատավարձը, այլեւ հասկացել է, որ նա այն մարդը չի, որի մոտ ինքը պետք է աշխատի:
Տիգրան Սահակյանը նաեւ նշեց, որ իր որդու սպանության մեջ մեղադրվող Վահան Ղազարյանը մինչեւ հիմա չի զղջացել արածի համար, ավելին ոչ նա, ոչ էլ նրա հարազատները չեն փորձել անգամ ներողություն խնդրել իր ընտանիքից:
«Դեպքից հետո ոչ միայն չի զղջացել, այլեւ ոչ ինքը, ոչ էլ նրա հարազատները չեն փորձել ներողություն խնդրել մեզանից: Պետք էլ չէր, որ մեզանից ներողություն խնդրեր, պետք է իր արարքը ընդամենը գնահատեր: Մի ամբողջ գերդաստանի լույս մարեց նա, էդ մարդը պատրաստ է սպանել ցանկացած մեկին, ով իր ճանապարհին է հայտնվում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունը սկսվել էր Լեւոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Լեւոնի նշանածը՝ Սեւան քաղաքի բնակչուհի Արեգնազը, աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ, որին դպրոցի տնօրինությունը աշխատավարձը չի վճարել: Այդ օրը Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդին զանգել եւ կանչել է դպրոց՝ նշանածի աշխատավարձը տալու համար, սակայն, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լեւոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երկու օր անց մահացել է:
Վահան Ղազարյանը կալանավորված է:



