Երեքշաբաթյա անգլերենի դասընթացը նպաստել է պատանիների ստեղծագործ մտքի զարգացմանը
SOCIETY«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կազմակերպած «Among the Brightening Bloom» խորագրով ստեղծագործական գրի անգլալեզու դասընթացն ուղղված է դպրոցականների գրավոր հաղորդակցման հմտությունների ու ստեղծագործ մտքի զարգացմանը: Երեքշաբաթյա դասընթացի փակման արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 8-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:
«Bloom project» (Զարթոնք նախագիծը) մեր նախորդ` «Access» ծրագրի տրամաբանական շարունակությունն է: Դասընթացներին մասնակցել է 15-16 տարեկան 31 պատանի Հացիկ և Արագածավան համայնքներից: Նրանց տրվել է հնարավորություն զարգացնել իրենց և՛ խոսակցական, և՛ գրավոր կարողություններն անգլերեն լեզվից: Մենք կիրառել ենք ուսուցման նոր, ժամանակակից մեթոդներ`հենվելով ավանդականի վրա. անհատական և թիմային աշխատանք է տարվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց հիմնադրամի անգլերեն ծրագրերի համակարգող Սյուզաննա Խաչատրյանը:
Նա շեշտեց, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն աշխատում է Հայաստանի 44 համայնքներում:
Երեք շաբաթ տևած դասընթացը վարել է ԱՄՆ-ից ժամանած անգլերենի ուսուցիչ, կրթական ծրագրերի մենեջեր, գրող Սեմյուել Արմենը, որն ազգությամբ հայ է:
Նա գտնում է, որ ծրագրի շնորհիվ երեխաներն ինքնավստահ են դարձել, սովորել են համագործակցել միմյանց հետ, լսել իրար: «Նրանք ստեղծագործական մեծ ներուժ ունեն, և այս կարճ ժամանակահատվածում այն ավելի է զարգացել»,-ասաց երիտասարդ ուսուցիչը:
Նա ընդգծեց, որ դասընթացը շոշափելի արդյունք է ունենալու, քանի որ պատանիներից յուրաքանչյուրը պատմվածք է գրելու, իսկ թիմակից երեխաները խմբագրելու են այն:
Այդ պատմվածքներից կազմված ժողովածուն կհրատարակվի տարեվերջին: Այն կներկայացվի Նյու Յորքում հիմնադրամի դրամահավաք-երեկոյի ընթացքում:
Դասընթացների մասնակիցները ընթերցել են համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործությունները, դիտել ֆիլմեր, ուսումնասիրել էսսե գրելու հիմունքները, փորձել ստեղծել իրենց սեփական պատմվածքները:
Մասնակիցներից մեկի խոսքով` ինքը բազմաթիվ ընկերներ է ձեռք բերել, զարգացրել է անգլերենով հաղորդակցման իր հմտությունները: «Այս գործում շատ մեծ է Սեմյուելի դերը, որն ավելի շատ մեր ընկերն է դարձել, քան մեր ուսուցիչը: Նա յուրահատուկ է. գրել է սովորեցրել նաև նկարելով»,-եզրափակեց աշակերտը:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերիմիջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումն սկսվել է 2004 թվականից, և այդ ժամանակից ի վեր զուգահեռաբար իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական ևտնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները:



