ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծին» հուլիսին ստացվել է 102 հեռախոսազանգ
SOCIETYՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով այս տարվա հուլիսին ստացվել է 102 հեռախոսազանգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Հարավային» ավտոկայարանի աշխատակցի ոչ պատշաճ աշխատանքի վերաբերյալ ահազանգն ստանալուն պես «Հարավային» ավտոկայարանից շահագործվող Երևան-Մեղրի երթուղին սպասարկող ընկերության երթակարգավարը հրավիրվել է ՀՀ տրանսպորտային տեսչություն: Նա գրավոր բացատրությամբ ընդունել է իր սխալը:
Արդյունքների մասին տեղեկանալուց հետո քաղաքացին շնորհակալություն է
հայտնել արագ արձագանքելու համար:
Մեկ այլ ահազանգ ստացվել է Աբովյան քաղաքը սպասարկող տաքսիների՝ Հերացու
փողոցում կայանելու վերաբերյալ: Սակայն ՀՀ տրանսպորտային տեսչության
աշխատակիցների ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում պարզվել
է, որ «Երկաթգծի» երթակարգավարական կետից շարժվող Երևան-Աբովյան-Երևան թիվ
261 և «Հարավային» ավտոկայարանից շարժվող Երևան-Աբովյան-գ. Ակունք թիվ 267
ավտոբուսային երթուղիները շահագործվում են երթուղու սպասարկման
չվացուցակների պահանջներին համապատասխան:
«Թեժ գծով» մյուս ահազանգը եղել է փոխադրումներ իրականացնող «Ֆենիքս»
ընկերության ավտոբուսի անսարքության և տոմսերի գումարը չվերադարձնելու
մասին: Պարզվել է, որ նշված ընկերությունը միջպետական կանոնավոր
ուղևորափոխադրումներ չի իրականացնում, հետևաբար, նրա կողմից իրականացվող ոչ
կանոնավոր ուղևորափոխադրումների վերաբերյալ հարցերը կարգավորվում են
բացառապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:
Նման խնդիրներից զերծ մնալու և ուղևորների շահերից ելնելով՝
նախարարությունը մեկ անգամ ևս հորդորում է օգտվել բացառապես կանոնավոր
ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ծառայություններից:
«Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված մյուս ահազանգը վերաբերել է «Հայփոստ»
ՓԲԸ-ի կողմից վճարումների դիմաց տրված անդորրագրում վճարային տվյալների
անհամապատասխանությանը: Ահազանգն ստանալուն պես հարցում է ուղարկվել
«Հայփոստ» ՓԲԸ՝ օրենքով սահմանված ժամկետում համապատասխան ընթացք տալու
համար:
Նույն ժամանակահատվածում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ
ցանց» ՓԲԸ-ի տեղեկատու հեռախոսահամարներին ստացվել է 29 հեռախոսազանգ:
Ընկերության մասնագետները պատշաճ խորհրդատվություն են ապահովել
hեռուստատեսային թվային ընդունիչ սարքերը համալրելու և հեռուստաալիքների
ընդունման որակը բարելավելու վերաբերյալ:
Նույն ժամանակահատվածում միջպետական և հանրապետական նշանակության
ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների
տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով տեղեկատվություն է
տրամադրվել 69 քաղաքացու:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ
ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ
նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:



