Տրիեստեի համալսարանում կայացել է ՀՀ արտաքին քաղաքականությանը նվիրված գիտաժողով
POLITICSԻտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը աշխատանքային այց է կատարել Գորիցիա քաղաք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպանը Գորացիայում մասնակցել է Տրիեստե ի համալսարանի Գորիցիայի մասնաճյուղի միջազգային գիտություններ և դիվանագիտություն ֆակուլտետի կողմից կազմակերպած «Հայաստանի արտաքին քաղաքականությունը. գլոբալ մարտահրավերներ և տարածաշրջանային հնարավորություններ» խորագրով գիտաժողովին:
Միջոցառման բանախոսներն էին Հայաստանում Իտալիայի դեսպան Սարգիս Ղազարյանը, նշյալ ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գեորգ Մեյրը, համալսարանի ԵՄ իրավունքի պրոֆեսոր Էցիո Բենեդետտին:
Բանախոսները ներկայացրել են Հարավային Կովկասի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, Հայաստանի տարածաշրջանային ու միջազգային արտաքին քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակունքներն ու խաղաղ կարգավորման գործընթացը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը: Գիտաժողովի ավարտին բանախոսները պատասխանել են ներկաների բազմաթիվ հարցերին:
Այնուհետև կայացել է դեսպան Ղազարյանի հանդիպումը Գորիցիայի քաղաքապետ Էտտորե Ռոմոլիի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Իտալիայի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, կարևորել տեղական ինքնակառավարման մարմինների միջև առևտրատնտեսական ու մշակութային կապերի խթանումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Գորիցիայի առևտրի պալատում առաջիկայում կազմակերպել Հայաստանի ներդրումային հնարավորություններին նվիրված գործարար համաժողով: Էտտորե Ռոմոլին հպարտությամբ նշել է, որ Գորիցիան Իտալիայ ի առաջին քաղաքներից էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Այնուհետև կայացել է դեսպան Սարգիս Ղազարյանի հանդիպումը Գորիցիայի պրեֆեկտ Իզաբելլա Ալբերտիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական պատմական կապերի ու ներկայիս հարաբերությունների, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների, Միջին Արևելքի իրավիճակի ու փախստականների հիմնախնդրի հետ կապված հարցեր:
Գիտաժողովը, ինչպես նաև դեսպան Սարգիս Ղազարյանի հանդիպումները լուսաբանվեցին իտալական զանգվածային լրատվամիջոցների կողմից:



