Ուսանողները պատմական Հայաստան ուխտագնացության ընթացքում նկատել են վանքերի միտումնավոր խեղաթյուրված որմնանկարներ
SOCIETYԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում ուներ պատմաճանաչողական լուրջ նպատակ՝ տեսնել մեր պատմական արժեքները, ճանաչել, արժևորել դրանք: Ուխտագնացները նկատել են, որ հայկական շատ վանքերի որմնանկարներ միտումնավոր քերված են: Ուխտագնացությունը տևել է հուլիսի 24-27-ը, մասնակցել են մոտ 70 շրջանավարտ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
«Մենք տարիներ շարունակ իրականացնում ենք այս ծրագիրը: Եվ մեր շրջանավարտներն իսկապես մեծ ցանկությամբ խնդրում են իրենց առաջնորդել Արևմտյան Հայաստան: Այն իրականացվում է ոչ միայն հայրենասիրությունից դրդված, այլ նաև ունի պատմաճանաչողական նշանակություն: Ուխտագնացությունը յուրօրինակ բաց դաս է եղել շրջանավարտների համար»,-ասաց Էդիկ Մինասյանն ու հավելեց, որ մի քանի տարի առաջ նախաձեռնությանը միացել են նաև ԵՊՀ-ի բանասիրության և արևելագիտության ֆակուլտետները:
Նրա խոսքով՝ ուխտագնացությունը պատմական հայրենիքի հողից, պատմական հուշարձաններից նոր լիցքեր ստանալու հնարավորություն է: Այս տարի եղել են Կարսի սարահարթում, Բասենի դաշտում, Վանում: Այցելել են Կտուց կղզի, Սուրբ Հովհաննես Կարապետ վանք, Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցի, Վանա բերդ:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ, ֆակուլտետի ուսանողական կառույցի ղեկավար Գեղամ Ասատրյանը նշում է, որ ամբողջ տարին թե հեռակա, թե առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողներից ստանում էին դիմումներ՝ Արևմտյան Հայաստան ուխտագնացությանը մասնակցելու նպատակով:
«Տպավորությունները երկակի էին: Մի կողմից աչքերիս առջև էր գալիս 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի ազգային-ազատագրական պայքարը, մյուս կողմից տեսնում էինք մեր հուշարձանների անմխիթար վիճակը, բնական աղետների հետևանքով առաջացած ավերածությունները, խեղաթյուրված պատմական փաստերը: Տարբեր վանքերում ունեինք որմնանկարչության անկրկնելի նմուշներ, որոնք միտումնավոր քերված էին: Խաչքարերի քիչ նմուշներ կային, սակայն առանձին վայրերում եղածներին ևս միտումնավոր վնաս էին հասցրել»,-ասաց շրջանավարտը:
Էդիկ Մինասյանի խոսքով՝ թեև Տիգրան Հոնենց եկեղեցում որմնանկարները սպիտակեցված էին, սակայն, միևնույն է, տեսանելի էին հին և նոր կտակարանների պատկերները:



