Փոխնախարարը խորհուրդ է տալիս գյուղացիներին այգիների բուժման աշխատանքը կատարել վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան
SOCIETYԱռաջիկա օրերին հանրապետությունում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը լինելու է բավականին բարձր, սակայն երեկոյան և գիշերային ժամերին չի գերազանցելու 26 աստիճան տաքությունը, ինչը թույլ է տալու բույսերին ամբողջ գիշեր աճել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը:
«Գիշերային ժամերին բույսերի համար մինչև 26 աստիճանի տաքությունը կրիտիկական չէ և նրանց աճը չի դանդաղելու կամ կանգնելու»,- ասաց նախարարի տեղակալը:
Հարությունյանը հորդորում է գյուղացիներին այգիների բուժման աշխատանքը կատարել վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան:
«Եթե այլ ժամերին կատարեն բուժման աշխատանքը, ազդեցությունը կլինի ցածր, քանի որ նյութերը շուտ կգոլորշիանան: Բացի այդ, հորդորում եմ գյուղացիներին հողագործական աշխատանքները իրականացնել օրվա համեմատաբար զով ժամերին, անպայման ունենան արևի ճառագայթների դեմ պաշտպանիչ միջոցներ` սպիտակ զգեստ, գլխարկներ և այլն»,- ասաց Հարությունյանը:
Նա նաև խորհուրդ տվեց հավաքված բերքը պահել նկուղներում կամ ստվերում, որպեսզի չփչանա:



