Վիգենի մեդալն ու Լֆիկի զորքը (տեսանյութ)
VIDEO
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Կարապետ Շահինյանին վերջերս իրեն պատկանող «Սոֆիա» սրճարանում «Փառքի զինվոր» եւ «Մեզ բացակա չդնեք» ՀԿ-ների ներկայացուցիչները «Վազգեն Սարգսյան» մեդալ են տվել։ Մեդալը պաշտպանության նախարարի կողմից է՝ նախարար Վիգեն Սարգսյանի ստորագրությամբ։ Հունիսի 26-ին գրավոր հարցում էինք ուղարկել ՊՆ՝ փորձելով մեկնաբանություն ստանալ թաղապետարանի աշխատակազմի քարտուղարին սրճարանում «Վազգեն Սարգսյան» մեդալ տալու առթիվ, սակայն առայժմ պատասխան չենք ստացել։ Եվ մինչ ՊՆ-ում գլուխ են ջարդում մեդալի պատիվը փրկելու շուրջ, մենք ուշագրավ մանրամասներ պարզեցինք։ Մեդալը հանձնող կինը, պարզվում է, 2012թ․ ապրիլի 15-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում Նիկոլ Փաշինյանի վրա հարձակված Սամվել Ալեքսանյանի «կանանց գնդի» անդամներից է։ Նա «Մեզ բացակա չդնեք» հասարակական կազմակերպության
նախագահ Սաթենիկ Խլղաթյանն է։ Զանգահարեցինք տիկնոջը՝ մեկնաբանություն խնդրելու, նա օգնականի միջոցով փոխանցեց․ «Ազիզ ջան, հիմա ո՞ր թիվն է, հարց եմ տալիս՝ հիմա ո՞ր թիվն է, ուրիշ նյութ չունե՞ք գրելու, նորություն գրեք, լավ բան գրեք, նոր բան փնտրեք, ընկել եք 2012թ․ ակցիայի մեջ, ինքն էնտեղ չի եղել, ոչ, չի եղել»։ Հիշեցնենք, որ 2012թ․ խորհրդարանական ընտրություններին, երբ Նիկոլ Փաշինյանն իր թեկնածությունն էր առաջադրել Մալաթիայից, մի խումբ կանայք փորձում էին խոչընդոտել նրա բակային հանդիպումներն ընտրողների հետ։ ՊՆ-ի «Վազգեն Սարգսյան» մեդալները հանձնող կինը տխրահռչակ Մառոզի՝ Մարգարիտա Խաչատրյանի կոլեգաներից է, նրա հետ միասին բազմաթիվ միջոցառումների է մասնակցել։ Այս կազմակերպությունն ուղիղ կապի մեջ է նաեւ Սամվել Ալեքսանյանի հետ, ինչի ապացույցը համացանցում արված հրապարակումներն էին, թե ինչպես է Ալեքսանյանների ընտանիքի բարեգործական հասարակական կազմակերպությունը նվերներ հանձնում այդ ՀԿ անդամ կանանց։




















































