Մայրենիի դերը նվազում է. Լավրենտի Միրզոյան
SOCIETYԼեզվաբան, Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանն այն կարծիքին է, որ պետք է փոփոխության ենթարկվի բուհական ընդունելության հայոց լեզու առարկայի քննության ձևը։
Ինչպես փոխանցում է Past.am-ը, այս մասին այսօր՝ հունիսի 15-ին,լրագրողներին հայտնել է պարոն Միրզոյանը:
«Պետք է համապատասխան մասնագետները հավաքվեն, քննարկեն, թե ինչպես պետք է կազմակերպել հայոց լեզվի քննությունը։ Չի կարելի միայն պատասխանների առջև նշան դնելով քննություն տալ։ Երեխան նույնիսկ պատահականության սկզբունքով կարող է դնել նշանը, անգամ, եթե պատասխանը չգիտի։ Նման քննությունը ընդունելի չէ, և դրա բացասական հետևանքն այն է, երբ արդեն բուհում ուսանողները 150 բառ պարունակող տեքստում 50 սխալ են անում»,-նշեց բանախոսը:
Լեզվաբանի համոզմամբ՝ այսօր մայրենիի դերը նվազում է, որովհետև Հայաստանում ավելի մեծ հեղինակություն են վայելում տարբեր օտարերկրյա հեղինակավոր բուհեր, որտեղ ուսուցումը տվյալ երկրի լեզվով է:
«Դիմորդները ձգտում են սովորել այստեղ և իրենց համար ժամանակի ընթացքում հայոց լեզուն դադարում է մայրենի լինել»,- տեսակետ է հայտնում Լավրենտի Միրզոյանը և հավելում, որ հայկական բուհերը պետք է բարձրացնեն իրենց հեղինակությունը:
Լևոն Փանոսյան



