Արևիկ Ալավերդյանը` հղիությունից հետո նախկին կազմվածքին վերադառնալու և իր գեղեցկության բանաձևերի մասին
LIFE
Շատ կանանց է մտահոգվում հղիության ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից ազատվելն ու նախկին տեսքին վերադառնալը: Այս թեմայի շուրջ Life.panorama.am-ը խոսել է երգչուհի Արեւիկ Ալավերդյանի հետ, ով ամիսներ առաջ է իր առաջնեկին լույս աշխարհ բերել ու ծանոթացել նրա գաղտնիքներին:
«Ես գիրանալու հակում ունեմ, բայց ի զարմանս ինձ, հղիության ընթացքում բացարձակ չեմ գիրացել, ընդհակառակը` անգամ նիհարել էի: Իմ փորիկն այնքան փոքր էր, որ բժիշկս միշտ զարմանում էր եւ երբեմն անգամ զայրանում` կարծելով, թե չեմ սնվում ու կազմվածքիս մասին եմ մտածում: Իհարկե, երեխայիս կշռից հասկանալի էր դառնում, որ իրականում դա այդպես չէ ու ես հետեւում եմ ճիշտ սննդակարգին: Իմ փոքրիկ փորիկի հետ այլ զավեշտալի դեպքեր էլ են եղել: Օրինակ` Փարիզում մեր հարեւաններն այդպես էլ չիմացան, որ հղի եմ եւ հետո բալիկիս տեսնելիս` զարմանում էին: Այս առիթով ամուսնուս հետ միշտ կատակում ենք` ասելով, որ լավ է գոնե տղաս հայրիկի կրկնօրինակն է, այլապես կմտածեին, թե որդեգրել ենք: Այնպես որ, իմ պարագայում հղիությունից հետո անգամ ուզում էի մի փոքր գիրանալ»,- պատմեց Արեւիկ Ալավերդյանը:
Ի դեպ` երգչուհին նկատեց, որ ի տարբերություն շատ կանանց` իր ինքնագնահատականը հղիության ընթացքում անկում չի ապրել.
«Հղիության ընթացքում ես ինձ շատ գեղեցիկ էի զգում: Ես նիհար էի, կանացի, փոքրիկ փորիկով. Հավատացնում եմ, դա իմ կյանքի ամենասիրելի ժամանակահատվածն էր: Ի դեպ` հղիության ընթացքում 46 կգ էի կշռում, դրան գումարվում էր միայն բալիկիս քաշը, դե իսկ ծննդաբերությունից հետո՝ ծննդատնից դուրս գրվելիս, կրկին 46 կգ էի կշռում»,- հավելեց մեր զրուցակիցը:
Արեւիկ Ալավերդյանը նկատեց, որ ինչպես հղիության ընթացքում, այնպես էլ դրանից առաջ եւ հիմա փորձում է սնվել առողջ մթերքներով.
«Շատ հազվադեպ եմ ինձ թույլ տալիս սնվել ոչ առողջ սնունդով: Իհարկե, խնջույքների ժամանակ ինձ չեմ զսպում եւ չեմ տանջում, ինչպես ասում են` ախորժակս տեղում է»,- ժպիտով նկատեց նա ու ավելացրեց.
«Առհասարակ, հատուկ դիետաների չեմ հետեւում, յուղալի եւ ծանր ուտեստներ չեմ օգտագործում: Աշխատում եմ ստամոքսս չծանրաբեռնել եւ թեթեւ սնունդին նախապատվությունը տալ: Միրգ եւ բանջարեղեն շատ եմ ուտում, բալիկիս էլ բանջարեղեն շատ եմ առաջարկում: Նաեւ ուտում եմ միս եւ հացահատիկ, որոնք եւս օգտակար են: Հղիության ընթացքում բժիշկս միշտ ասում էր` սխալ է ուտել երկուսի փոխարեն, ցուցում էր տվել ուտել քիչ-քիչ, բայց շուտ-շուտ: Կարծում եմ, որ այսօր հայ կանանց համար այլեւս նորություն չէ, որ հղիության ժամանակ սխալ է սնվել երկուսի փոխարեն»:
Շարունակությունը` այստեղ:




















































