«Մալիբու» սրճարանին հարող տարածքում վերաբացվել է գյուղմթերքի 2-րդ տոնավաճառը
SOCIETYՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի «Մալիբու» սրճարանին հարող տարածքում վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը։ Այստեղ մարզերից ժամանած գյուղացիները հնարավորություն են ստանում սեփական արտադրանքը վաճառելու, իսկ երևանցիներն էլ՝ առանց միջնորդների թարմ գյուղմթերք ձեռք բերելու: Շուկայի տարածքում շրջել, գյուղացիների հետ զրուցել և գնումներ են կատարել են ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ու Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ շուկայում ներկայացված են շուրջ 85 գյուղացիական տնտեսություններ և տեղեկացրել, որ Երևանի քաղաքապետարանի հետ քննարկվում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Նոր Նորք վարչական շրջանում նմանատիպ շուկայի բացման հարցը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ, անդրադառնալով ոլորտի ռազմավարությանը, նշել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տարիներ առաջ մայրաքաղաքի վարչական շրջաններում երեսունից ավելի շուկաներ բացվեցին, ինչը բացօթյա ապօրինի առևտրին այլընտրանքային և օրինական տարբերակ դարձավ գյուղմթերք վաճառող գյուղացիների համար: Քաղաքապետի տեղակալը նաև տեղեկացրել է, որ անհրաժեշտության դեպքում մայրաքաղաքի տարբեր հատվածներում կբացվեն գյուղմթերքների նոր տոնավաճառներ:
Հիշեցնենք, որ այս տարի գյուղմթերքի առաջին տոնավաճառը բացվել էր հունիսի 10-ին` Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի վերջնամասում: Տոնավաճառները գործում են շաբաթ և կիրակի օրերին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն







