Սոթքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը կընթանա երեք փուլով
SOCIETYԳեղարքունիքի մարզի Սոթք գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները կմեկնարկեն տեղական միջոցների հաշվին, օգոստոս ամսից՝ ընդգրկելով երեք փուլ՝ հատակի եւ խորանի վերականգնում, տանիքի վերականգնում եւ գավիթի բարեկարգում: Ինչպես տեղեկացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, առաջին փուլում պետք է նորոգվեն հատակը եւ խորանը, երկրորդ փուլում՝ տանիքը, իսկ երրորդ փուլում կկատարվի գավիթի բարեկարգումը:
10-12-րդ դարերում թվագրվող Սոթքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը համարվում է Միջնադարյան Հայաստանի պատմաճարտարապետական արվեստի գլուխգործոցներից մեկը, մասնակիորեն վերականգնվել է ԽՍՀՄ տարիներին, 1988-90-ական թվականների ընթացքում, սակայն ավարտի չի հասցվել՝ մնալով կիսականգուն վիճակում:«Հատակն ու խորանն անբարեկարգ վիճակում են, տանիքի մի մասը քարածածկ է, իսկ մի մասը՝ թիթեղածածկ, ինչը լրջորեն խաթարում է հուշարձանի պատմաճարտարապետական տեսքը: Առավել անմխիթար վիճակում է գտնվում հուշարձանի բակը, որը շրջապատված է խոտի դեզերով, աթարի կույտերով, քարե կամ մետաղյա ցանկապատերով: Պատմական հուշարձանը եւ գյուղի միակ հոգեւոր տունը իր շքեղ տեսքի մեջ վերականգնելու համար մենք տեղական բյուջեից կգտնենք բավարար միջոցներ: Այս տարվա համար արդեն հատկացրել ենք 4,5 միլիոն դրամ, հայտարարել մրցույթ: Եկող տարում արդեն միջոցներ կգտնենք տանիքի վերականգնման եւ բակի բարեկարգման համար: Մեր մոտավոր հաշվարկներով՝ Սոթքի եկեղեցու վերականգման եւ բարեկարգման համար կպահանջվի մինչեւ 20 միլիոն դրամ: Համագործակցում ենք ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան կառույցների հետ՝ ինչպես շինթույլտվություն ստանալու, այնպես էլ՝ հուշարձանի պատմաճարտարապետական տեսքը հիմնովին պահպանելու համար»,-ներկայացրեց Կոլիկ Շահսուվարյանը:
«Սոթքի եկեղեցին Գեղարքունիքի մարզի պատմական գլխավոր հուշարձաններից մեկն է, որը կառուցվել է Դոփյան իշխանական տան կողմից: Հուշարձանի տեսքը դարերի ընթացքում որոշակիորեն խաթարվել է, իսկ 17-20-րդ դարերում լրջորեն վնասվել Սոթքում հաստատված մահմեդական բնակչության կողմից:Գովելի է, որ գյուղապետարանը նախաձեռնում ու ֆինանսավորում է այդ կարեւոր պատմական հուշարձանի վերականգնումը: Մեր կողմից կարվի հնարավորը, որպեսզի հուշարձանը վերականգնվի իր պատմաճարտարապետական ավանդական տեսքի մեջ»,-ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Կոտայքի եւ Գեղարքունիքի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Նորիկ Հազեյանը:
Խոսրով Խլղաթյան



