Թրամփն արգելել է տրանսգենդերներին ծառայել բանակում
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է տրանսգենդերներին ծառայել Միացյալ Նահանգների բանակում՝ պատճառաբանելով նրանց հետ կապված բժշկական ծախսերը, ինչպես նաև պառակտումը, որ տրանսգենդերները կարող են առաջացնել զինծառայողների շրջանում:
Ինչպես նշում է The Independent-ը, նախագահն այս մասին հայտնել է թվիթերյան գրառումների միջոցով:
«Գեներալների ու ռազմական ոլորտի փորձագետների հետ խորհրդակցելուց հետո եզրակացության եկա, որ Միացյալ Նահանգների կառավարությունը թույլ չի տա տրանսգենդեր անձանց ծառայել ԱՄՆ բանակում: Մեր բանակը պետք է կենտրոնանա վճռական և ջախջախիչ հաղթանակի վրա, ուստի՝ այն չի կարելի ծանրաբեռնել ահռելի բժշկական ծախսերով ու պառակտությամբ, որոնք կառաջանան տրանսգենդերների ծառայության դեպքում»,-գրել է նախագահը:
Պարբերականը նկատում է, որ այս որոշումը հակասում է ավելի վաղ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք ընդունված որոշմանը, համաձայն որի՝ տրանսգենդերներին թույլատրվել էր ազատ ծառայել ԱՄՆ բանակում, բժշկական օգնություն ստանալ ու Պենտագոնի անձնակազմի համակարգում պաշտոնապես փոխել իրենց սեռը:



