Առաջին 2 երեխային ավելի դժվար էր պահել, քան 11-րդին. 35 տարեկանում 11-րդ երեխային լույս աշխարհ բերած կինը չի հասկանում 2 երեխայով սահմանափակվողներին
SOCIETYԳյումրիում 11-րդ երեխան լույս աշխարհ բերած Լիլիթ Խաչատրյանն արդեն տանն է, իր ու երեխայի առողջական վիճակը բավարար է: Tert.am-ի հետ զրույցում նա թվարկեց բոլոր 11 երեխաների անունները`Շուշան, Հեղինե, Սամվել, Զավեն, Հովսեփ, Հակոբ, Դանիել, Ռոզա, Օլյա, Մարինե, Դավիթ:
Նա նշեց, որ Գյումրու քաղաքապետն իրեն այցելել էր ծաղիկներով և նվերներով, իսկ անցած տարի վարչապետից բնակարան է ստացել: «Ես անձամբ որևէ բան չեմ նշել, չեմ ցանկացել: Ես ամեն ինչ ունեմ և իմ երեխաներն էլ ամեն կերպ ապահովված են, որևէ մեկից ակնկալիք չունեմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Լիլիթ Խաչատրյանը հուլիսի 21-ին լույս աշխարհ է բերել իր 11-րդ երեխային: 35 տարեկան կինը ծննդաբերել է Գյումրու ծննդատուն ՓԲԸ-ում: Նորածինը՝ Դավիթը, ծնվել է 3 կգ 600 գրամ քաշով՝ բնական եղանակով:
Ինչ վերաբերում է նոր երեխաներ ունենալու ցանկությանը, Լիլիթ Խաչատրյանն ասաց` ինչպես Աստված կամենա: Անդրադառնալով մեկ կամ երկու երեխայով սահմանափակվող ծնողներին, նա ասաց. «Երեխան շատ լավ բան է, Աստծո պարգև է, իսկ երբ աբորտ կանեն, կսպանեն իրենց երեխեքին, դա արդեն շատ վատ է: Ինչ վերաբերում է պահելուն, ապա փառք Աստծո, նպաստ կա, ամուսինս աշխատում է, ես չեմ դժգոհում: Իմ երեխաները կուտեն էլ, կհագնվեն էլ, դժգոհելու բան չկա: Ես չգիտեմ, թե նրանք ինչ են մտածում, երբ սահմանափակվում են մեկ կամ երկու երեխայով, բայց երբ տեսնում եմ մեկ կամ երկու երեխա պահողներին, կներեք, բայց ես իրենցից լավ կպահեմ, երբ համեմատում եմ»:
Կինը նշեց, որ երեխաները շատ լավ սովորում են, ինքնուրույն են, հաճախում են նկարչության, դաշնամուրի, դուդուկի: «Ինձ համար առաջին երկու երեխան ավելի դժվար էր պահել, քան 11-րդ երեխան, հիմա ավելի հեշտ է: Մենք անհամբեր սպասում էինք նրա ծննդին: Ճիշտ է, բոլորը չէ, որ կհասկանան, բայց մենք շատ ուրախ ենք»,-հավելեց նա:



